Երբևէ պատկերացրե՞լ եք, որ մագիստրոսական ծրագրի շրջանակում հնարավոր կլինի միաժամանակ սովորել ծրագրավորման մի քանի լեզուներ, զարգացնել վերլուծական մտածողությունը, կիրառել արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ժամանակակից մեթոդներ և բարձր առաջադիմություն գրանցելու դեպքում՝ ստանալ ուսման վարձին գրեթե հավասար կրթաթոշակ և ոչ միայն…
Կարդալով ԵՊՀ ուսանող Մարիա Հովհաննիսյանի պատմությունը` կտեղեկանաք, թե ինչ առավելություններ է ընձեռում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, և թե ինչպես է հնարավոր ուսումնառության տարիներից դառնալ աշխարհում տեղի ունեցող «տվյալների հեղափոխության» մասնակիցը:
Չնայած նրան, որ ԵՊՀ ուսանողը մասնագիտության շրջանակում ձևակերպում է բարդ խնդիրներ, մշակում դրանց լուծման ալգորիթմներ, այնուամենայնիվ նա իր հաջողության բանաձևը պարզ է սահմանում` անսահման նվիրում մասնագիտությանը:
Հատկանշական է, որ նախքան մագիստրոսական ծրագրին դիմելը Մարիան բակալավրիատական կրթությունն ստացել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ձեռք բերել ոլորտին առնչվող մեծարժեք գիտելիքներ և հմտություններ:
Անդրադառնալով մասնագիտության փոփոխությանը՝ Մարիան նշում է. «Ֆակուլտետն ավարտելուց հետո որոշեցի մասնագիտանալ մեքենայական ուսուցման բնագավառում: Այն այսօր տնտեսության տեխնոլոգիական առաջընթացն ապահովող կարևոր ոլորտներից է և սերտորեն առնչվում է տվյալագիտության հետ: Ձգտելով լինել այդ ոլորտում նոր ասելիք ունեցող մասնագետ` ընտրեցի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը»:
Ճիշտ է, ծրագիրն ընձեռում է լայն հնարավորություններ, սակայն ԵՊՀ ուսանողը նաև նշում է, որ անհրաժեշտ է մեծ ջանք ու եռանդ ներդնել՝ ընկալելու ստացվող տեղեկությունը, կատարելու տրված հանձնարարությունները:
Նրա խոսքով` տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ ձեռք բերելու հարցում անգնահատելի է ծրագրի շրջանակում դասախոսող երիտասարդ մասնագետների դերը: Նրանցից շատերը ԵՊՀ շրջանավարտներ են, որոնք այսօր աշխատում են ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերություններում և ուսանողներին են փոխանցում իրենց մասնագիտական փորձառությունը:
Երբ մագիստրոսական ծրագիրը կամրջում է իրարից շուրջ 12 հազար կմ հեռու ԵՊՀ-ն և Սիլիկոնյան հովտում գտնվող Սան Խոսեի պետական համալսարանը` ընձեռելով կրկնակի դիպլոմ ստանալու և բարձր տեխնոլոգիական ձեռնարկություններում աշխատելու հնարավորություններ….
Մարիան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համագործակցությամբ և «PMI Science»-ի աջակցությամբ գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում»մագիստրոսական ծրագրի առաջին ուսանողն է, որը հնարավորություն է ստացել ուսումը շարունակելու Սան Խոսեի պետական համալսարանում. Կալիֆոռնիա նահանգում պաշտոնապես ընդունվել են նրա՝ առաջին տարում ԵՊՀ-ում ստացած կրեդիտները:
Խոսելով կրթությունն ԱՄՆ-ում շարունակելուց` մեքենայական ուսուցման ապագա մասնագետն ընդգծում է. «Հայաստանի և ԱՄՆ-ի կրթական համակարգերի միջև կան զգալի տարբերություններ: Սակայն երբ սկսեցի ուսումնառել Սան Խոսեի պետական համալսարանում, հասկացա, որ իմ գիտելիքներով ոչ միայն չեմ զիջում տեղի սովորողներին, այլև ունակ եմ մրցակցելու նրանց հետ»,- նշում է Մարիան:
Հատկանշական է, որ Մարիան մագիստրոսական թեզը պաշտպանելու է և՛ Երևանի պետական համալսարանում (առցանց տարբերակով), և՛ Սան Խոսեի պետական համալսարանում. ձևավորված ինստիտուցիոնալ կապերի շնորհիվ մագիստրոսական ծրագրի ուսանողները հետազոտական տարբեր կազմակերպությունների հետ գործակցությամբ («PMI Science» գիտահետազոտական կենտրոնի, անգլիական «TurinTech» և այլն) գրում են այնպիսի թեզեր, որոնք ոլորտի համար հետագայում կարևոր նշանակություն կունենան:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր, նշյալ մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի հավաստմամբ Մարիայի մեկնումով արտերկրի գործընկերների հետ համագործակցությունը թևակոխում է նոր փուլ. կյանքի է կոչվելու կրկնակի դիպլոմների ծրագիրը: «Սա ապացուցում է, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը տալիս է այնպիսի կրթություն, որն ընդունում է նաև միջազգային հեղինակավոր բուհը»,- վստահեցնում է Ռ. Գևորգյանը:
Զրույցում պրոֆեսորը առանձնակի շեշտում է. «Սան Խոսեի պետական համալսարանը գտնվում է Սիլիկոնյան հովտի սրտում, ինչը մեծ առավելություն է նաև ուսանողների համար։ Այն համագործակցում է աշխարհի լավագույն ՏՏ ընկերությունների հետ, ինչպիսիք են` «Apple», «Google», «Meta», «Amazon»: Մարիային, ինչպես մագիստրոսական ծրագրի շրջանակում համալսարանում սովորող այլ ուսանողների, հետագայում կընձեռվի այդ կազմակերպություններում աշխատելու հնարավորություն…»:
Մարինե Մկրտչյան