ԵՊՀ սև շենքի դահլիճում տեղի ունեցավ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2022-2023 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, շնորհավորելով շրջանավարտներին, ընդգծեց. «Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն անում է առավելագույնը մրցունակ և որակյալ կրթություն տրամադրելու համար, որի առհավատչյան մեր հազարավոր շրջանավարտներն են, որոնք այսօր հաջողությամբ իրենց գործունեությունն են ծավալում ինչպես պետական ինստիտուտներում, այնպես էլ մասնավոր կազմակերպություններում»:
Դեկանը նշեց, որ ուսանողական տարիները հնարավորություն են տալիս ոչ միայն ամբարելու գիտելիքներ և զարգացնելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ, այլև ձեռք բերելու մարդկային կապիտալ: Նա հորդորեց պահպանել այդ կապերը, քանզի դրանք կարող են օգնել հետագա գործունեության ընթացքում և ընդգծեց, որ ֆակուլտետի նոր նախաձեռնությունը միտված է դրան:
«Մենք ծրագրում ենք հիմնել ֆակուլտետի շրջանավարտների ասոցացիա, որը, մասնագիտական համայնք ձևավորելուց զատ, նաև կնպաստի, որ շրջանավարտները ներգրավված լինեն ֆակուլտետի կյանքին և հաղորդակից լինեն ֆակուլտետում տեղի ունեցող գործընթացներին»,- ասաց ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:
Հորդորելով բարձր պահել համալսարանականի պատիվը և հպարտությամբ կրել համալսարանականի բարձր կոչումը՝ դեկանը շրջանավարտներին մաղթեց մասնագիտական հաջողություններ ու վերելքներ, արգասաբեր և խաղաղ աշխատանք՝ ի բարօրություն իրենց և ի շահ երկրի տնտեսության զարգացման:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ 23 տարի առաջ ինքն էլ ավարտել է հենց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:
Նա, վերհիշելով անցած ուղին, նշեց. «Կան երեք հատկություններ, որոնք հաջողության հասնելու հիմնական գրավականն են: 1-ինը հարցեր տալու ունակությունն է. մենք պետք է ձևակերպենք ճիշտ հարցեր ու փորձենք գտնել դրանց պատասխանները: 2-րդը զարմանալու ունակությունն է անգամ ամենափոքր բանից: 3-րդը ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունն է. եթե ինքներդ դա չանեք, ապա ուրիշներն են դա անելու ձեր փոխարեն»:
Նա շրջանավարտներին հորդորեց շատ հարցեր տալ, զարմանալ, անընդհատ սովորել և սեփական որոշումներ կայացնելու վճռականություն ունենալ:
Շնորհավորանքներին միացան նաև «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և «Կորպորատիվ կառավարման կենտրոնի» (ՈԱԿ) խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը՝ խորհուրդ տալով չդադարել սովորելուց և ձգտել ստեղծելու նորը:
Նարինե Բադալյանը գերազանցությամբ ավարտեց ֆակուլտետի բակալավրիատի «Ֆինանսներ» բաժինը: Մեզ հետ զրույցում նա շեշտեց, որ ուսանողական տարիները արգասաբեր էին թե՛ մասնագիտական, թե՛ անհատականության զարգացման տեսանկյունից:
«Համալսարան ընդունվելն իմ առաջին քայլն էր դեպի մեծ աշխարհ: ԵՊՀ-ն ինձ տվել է գիտելիք, հնարավորություններ, կապեր, ընկերներ, իսկ համալսարանական կրթությունը մասնագիտական ուղիս ու ապագաս կառուցելու հիմքն է»,- նշեց Նարինեն:
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, կրթական ծրագրերի ղեկավարները, ֆակուլտետի ուսանողները։