Ս.թ. նոյեմբերի 6-ին և 7-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու «Kotler Impact»-ի պաշտոնական ներկայացուցիչ «Greenlight Marketing Agency»-ի համագործակցության շրջանակում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներն առցանց ձևաչափով մասնակցեցին «Շուկայավարման համաշխարհային գագաթնաժողով-2023»-ին (World Marketing Summit 2023)՝ «Գաղափարներ կրիտիկական ժամանակների համար. նոր համաշխարհային շուկայավարման կարգը» թեմատիկայով:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, «Շուկայագիտություն (մարքեթինգ)» կրթական ծրագրի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Աննա Հակոբջանյանը նշեց, որ միջոցառումն արդյունավետ էր ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Այն միտված էր ուսանողների գիտելիքները հարստացնելուն ու նոր հմտություններ փոխանցելուն, ինչպես նաև դասախոսների գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ու փորձի փոխանակմանը:
Գագաթնաժողովը հեռարձակվում էր աշխարհի 105 երկրներում և միավորում ավելի քան 200 խոսնակների կորպորատիվ, ակադեմիական, հասարակական և պետական կառավարման ոլորտներից: Մասնակիցներին հնարավորություն էր ընձեռված 48-ժամյա ռեժիմով լսելու աշխարհի առաջատար մասնագետների զեկուցումներն այնպիսի արդիական հարցերի շուրջ, ինչպիսիք են մարքեթինգի դերը թվայնացման դարաշրջանում, հաճախորդակենտրոն մարքեթինգային ռազմավարությունները, մարքեթինգը խթանող գործիքների արդյունավետության գնահատումը, «Open AI», «Chat GPT»-ի առնչությունները մարքեթինգի հետ և բնագավառի մի շարք այլ առանցքային թեմաներ:
Նշենք, որ ֆակուլտետը «Greenlight Marketing Agency»-ի հետ նախատեսել է երկարաժամկետ համագործակցություն, որի շրջանակում կկազմակերպվեն գիտաժողովներ, պանելային քննարկումներ, դասախոսություններ: