Декабрь 01, 2023 | 16:45
Наука
Конференции
Международное сотрудничество
Актуальные проблемы прав человека: международная конференция в ЕГУ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի գործակցության շրջանակում կազմակերպված «Մարդու իրավունքների հետազոտությունը Հայաստանում. արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը:
Հայաստանում մարդու իրավունքների հիմնախնդիրների ուսումնասիրությանը նվիրված գիտաժողովի նպատակն էր համախմբել մարդու իրավունքների հարցերով զբաղվող գիտնականներին և իրավապաշտպաններին՝ հնարավորություն տալով մասնագիտական քննարկումների և համագործակցության նոր ուղիներ նախանշելու։
Հայաստանի տարբեր բուհերի ու հետազոտական ինստիտուտների ավելի քան երեք տասնյակ փորձագետներ և ուսանողներ ներկայացրին զեկույցներ, որոնք առնչվում էին մարդու իրավունքների ոլորտին, մասնավորապես՝ տեղահանված մարդկանց իրավունքներին, բնապահպանական իրավունքին, գենդերային հավասարությանը։
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային ամբիոնի դասախոս Սերգեյ Ղազինյանը գիտաժողովին ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղի՝ դեպի Հայաստան բռնի տեղահանված էթնիկ հայերի իրավական կարգավիճակը» խորագրով զեկույցը, որի շրջանակում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավական կարգավիճակի խնդիրներին:
Կարևորելով ուսանողների մասնակցությունն այս գիտաժողովին՝ Սերգեյ Ղազինյանը նշեց․ «Չափազանց կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունենան տեսնելու ակադեմիական ուսումնասիրությունների, հետազոտությունների ու գործնական խնդիրների համադրությունը՝ հասկանալու, թե ինչպես է անհրաժեշտ պրակտիկայից վերհանել խնդիրները, որոնք հետագայում կարող են դառնալ ակադեմիական վերլուծության թեմա, այնուհետև վերադառնալ գործնական դաշտ՝ ոլորտի աշխատողներին փոխանցելով ուշարժան նյութեր»։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, ի․գ․թ․, իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, խոսելով միջոցառման կարևորությունից, ընդգծեց․ «Այսօրինակ գիտաժողովները խթանում են երիտասարդ գիտնականների շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ գիտական աշխատանքներ կատարելը, ինչպես նաև օգնում են հասկանալ, թե մարդու իրավունքները որքանով են պաշտպանված համաշխարհային մակարդակով: Մեր հիմնական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությունը դարձնել առավել արդյունավետ»:
Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Արման Գասպարյանը, ներկայացնելով կառույցի աշխատանքը, նշեց, որ ինստիտուտն աշխատում է Հայաստանում մարդու իրավունքներով զբաղվող պետական բոլոր կառույցների հետ․ «Մեզ համար շատ կարևոր է ակադեմիական համայնքի հետ աշխատելը, մասնավորապես արժևորում ենք ԵՊՀ-ի հետ համագործակցությունը: Այդ է պատճառը, որ առաջին գիտաժողովը կազմակերպվեց հենց Երևանի պետական համալսարանում»։
Գիտաժողովին իրենց հետազոտությունները ներկայացրին նաև ԵՊՀ իրավագիտության, սոցիոլոգիայի, փլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների դասախոսներն ու ուսանողները։
Նշենք, որ գիտաժողովի մասնակից հետազոտողներին հնարավորություն կտրվի 2024 թ. շարունակական աջակցություն ստանալու և դրամաշնորհների, միջազգային հետազոտական այցերի և փոխանակման ծրագրերի միջոցով զարգացնելու իրենց հետազոտությունները։ Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան հրապարակելու իրենց հետազոտությունները: