Декабрь 06, 2023 | 16:27
Наука
Образование
Мероприятия
Открытые занятия в школе СТЕМ ЕГУ
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում անցկացվեցին բաց դասեր՝ նվիրված դպրոցի հիմնադրման օրվան:
Ուսուցիչների ղեկավարությամբ և աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված բաց դասերին աշակերտները ներկայացրին «Հայկական դպրոցները՝ հին դարերից մինչև մեր օրեր», «ՍԹԵՄ կրթությունը համաշխարհային տիրույթում» և «Հայտնի համալսարանականները» թեմաները: Բաց դասերին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը, անդրադառնալով դպրոցի հիմնադրման գաղափարին, նշեց, որ դպրոցն իր դռներն աշակերտների առջև բացել է ս.թ․ սեպտեմբերի 1-ից, իսկ դպրոցի ստեղծման վերաբերյալ ԵՊՀ գիտական խորհրդի առաջարկն ընդունվել է դեռևս մեկ տարի առաջ․ «2022 թ․ դեկտեմբերի 6-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց հաստատելու ԵՊՀ գիտական խորհրդի առաջարկն ու ստեղծելու կառուցվածքային նոր ստորաբաժանում՝ «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց»: Այս կարևոր իրադարձությամբ պայմանավորված էլ այսօր՝ որպես խորհրդանշական օր, կազմակերպել ենք բաց դասեր: Իսկ հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբերի մեկին արդեն մեծ շուքով կնշենք դպրոցի գործունեության մեկամյակը»։
Արամ Խաչատրյանը, ընդգծելով դպրոցի ստեղծման կարևորությունը, շեշտեց, որ ՍԹԵՄ դպրոց ունենալու գաղափարն առաջին հերթին պայմանավորված է մեր երկրում բնագիտական ուղղվածության զարգացմամբ, քանի որ ՍԹԵՄ կրթության զարգացումն առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։
Աշակերտները, խոսելով ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցն ընտրելու իրենց շարժառիթից, նշեցին, որ դեռ մանկուց են սիրել բնագիտական առարկաները, իսկ ԵՊՀ-ում սովորելն ու փորձառու ուսուցիչների հետ ամենօրյա շփումը կօգնեն իրենց մասնագիտական կողմնորոշման հարցում: Նրանք վստահեցրին, որ նպատակ ունեն իրենց նորարարություններով զարկ տալու գիտության զարգացմանը:
Նշենք, որ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցն ավագ դպրոց է, որտեղ «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Անգլերեն» առարկաների դասավանդումը կազմակերպվում է «ԵՊՀ դպրոցների ցանց» հեղինակային կրթական ծրագրի շրջանակում՝ մշակված ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից։
Դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն օգտվելու ԵՊՀ լաբորատորիաներից, մարզասրահներից, գրադարանից, ինչպես նաև ծանոթանալու և մասնակցելու ԵՊՀ դասախոսների և ուսանողների կատարած գիտահետազոտական աշխատանքներին, համալսարանի գիտնականների վերահսկողությամբ կատարելու տարբեր գիտափորձեր։
Հավելենք, որ այժմ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի երեք դասարաններում սովորում է 36 աշակերտ։
Մանրամասները՝ տեսանյութում: