Декабрь 12, 2023 | 13:03
Наука
Образование
Исследовательские центры и институты
Новые возможности развития исследовательских навыков для студентов ЕГУ
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում գործելու է Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն, որն աննախադեպ հնարավորություններ է ընձեռելու մեր երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար։
Կենտրոնն ստեղծվում է ԵՊՀ աջակցությամբ, Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում։
Գիտաուսումնական կենտրոնը համալրված է լինելու ժամանակակից օպտիկական և օպտոէլեկտրոնային սարքերի միկրոմշակման, դրանց միջոցով կենսաօպտիկայի, տեղեկատվության մշակման ու հեռահաղորդակցության ոլորտներում բարձր տեխնոլոգիական միկրոհամակարգերի պատրաստման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով և նպաստելու է կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։
Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնում նորագույն սարքավորումների միջոցով մշակվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան օպտիկական միկրոհամակարգեր, որոնց հիման վրա կատարվելու են նոր հետազոտություններ:
Կենտրոնն իր գործունեությամբ խթանելու է միջգիտակարգային համագործակցությունը, ինչպես նաև պատրաստելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի արհեստավարժ մասնագետներ:
«Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը, անդրադառնալով ուսանողների ներգրավվածությանը կենտրոնի աշխատանքներին, նշեց, որ նոր միջավայրը կրթական բաղադրիչում կավելացնի հետազոտական աշխատանքների կատարման թիվը:
«Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնն օժանդակելու է ուսանողներին մասնագիտական որոշ առարկաների շրջանակում լաբորատոր աշխատանքների կատարման, ավարտական ու մագիստրոսական թեզերի շուրջ աշխատելու ժամանակ, ինչպես նաև նպաստելու է համալսարանական կրթության՝ հետազոտական գործունեության զարգացմանը»,- ասաց Մ. Ռաֆայելյանը:
Մ. Ռաֆայելյանը շեշտեց, որ նոր ենթակառուցվածքի՝ ամբողջությամբ պատրաստ լինելուն պես ձևավորելու են մասնագիտական նոր խմբեր, ինչպես նաև գործակցելու են Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ:
Հետագայում նախատեսվում է ստեղծել նոր՝ «Օպտիկա և ֆոտոնիկա» մագիստրոսական ծրագիրը, որը ոչ միայն հայ, այլև օտարերկրյա ուսանողներին հնարավորություն է տալու ներգրավվելու կրթական գործընթացին:
Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի մասնագետները համագործակցելու են օտարերկրյա համալսարաններում աշխատող գործընկերների հետ՝ ձևավորելով գիտակրթական նոր կապեր կրթության, գիտության ու արդյունաբերության ոլորտներում:
Միջազգային համագործակցության շնորհիվ մասնագետները մտադիր են ոչ միայն ընդլայնել հետազոտությունների շրջանակը, այլև մշակել նոր գաղափարներ:
Նշենք, որ կենտրոնը նախատեսում է հետագայում մատուցել վճարովի ծառայություններ՝ ֆինանսապես ապահովելով հետագա գործունեության շարունակականությունը: