Декабрь 14, 2023 | 15:30
Наука
Исследовательские центры и институты
Исследовательская работа
Вопросы национальной, региональной и международной безопасности РА являются основой исследований экспертов
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) նախաձեռնությամբ անցկացվեց «ՀՀ ազգային անվտանգության ապահովման ռազմավարական հիմքերը և արդիականացման մարտահրավերները» խորագրով փորձագիտական գիտաժողով, որի նպատակն էր փորձագիտական մակարդակում քննարկել և վեր հանել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական ապահովման, ինչպես նաև դրա արդիականացման հրամայականները:
Գիտաժողովի ժամանակ ինստիտուտի փորձագետները ներկայացրին իրենց զեկույցները՝ անդրադառնալով ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հիմնախնդիրներին, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը, միջազգային հարաբերություններում տնտեսական պատժամիջոցների դերին, տարածաշրջանում ռազմական, ռազմավարական և ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման հիմնախնդիրներին, հարևան պետությունների հետ հարաբերությունների արդի զարգացումներին։
Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, պ․գ․թ․, դոցենտ Վահրամ Պետրոսյանը հայտնեց, որ ներկայացվող գիտահետազոտական նյութերը հիմք կդառնան գիտական հոդվածների, որոնք կտպագրվեն որպես ժողովածու՝ հասանելի լինելով ինչպես ուսանողներին, այնպես էլ ավելի լայն շրջանակներին։ Նա, կարևորելով նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ համագործակցությունը, շեշտեց, որ արդեն իսկ կա պայմանավորվածություն՝ հետագայում իրականացնելու համատեղ գիտահետազոտական աշխատանքներ։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Տիգրան Եփրեմյանը վստահեցրեց, որ միջազգային հարաբերությունների ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ ՀՀԻ-ի հետ համատեղ իրականացրած ծրագրերը կլինեն արդյունավետ։ Դեկանը, անդրադառնալով ազգային անվտանգության ռազմավարական հիմնախնդիրների վերհանման անհրաժեշտությանը, ընդգծեց, որ նմանօրինակ քննարկումները նպաստում են առկա խնդիրների լուծման և մարտահրավերների հաղթահարման ուղիները նախանշելուն։
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ՀՀ ազգային անվտանգային հետազոտությունների ու կանխատեսումների խմբի ղեկավար, ք․գ․թ․, դոցենտ Նարեկ Գրիգորյանը, կարևորելով թեմայի արդիականությունը և նմանօրինակ գիտաժողովների նշանակությունը, ասաց․ «Փորձագիտական հանրույթի շրջանակում այսօրինակ քննարկումները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանում պետական կառավարման գործընթացը հետազոտական բաղադրիչով ապահովելու, փորձագիտական խորհրդատվություն իրականացնելու առումով»։
Գիտաժողովին մասնակցեցին Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տարբեր ստորաբաժանումների գիտաշխատողներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Видео