Декабрь 28, 2023 | 16:00
Наука
Образовательные программы
Исследовательская работа
От создания новых электронных платформ до приобретения суперкомпьютера: новые возможности в ЕГУ
ԵՊՀ-ն շարունակաբար կյանքի է կոչում բազմաթիվ ծրագրեր՝ համալսարանական միջավայրը դարձնելով գիտության նորարարությանը համահունչ։ Մշտապես բարելավվում են կրթական ծրագրերը, մշակվում և ներդրվում են նոր համակարգեր՝ շարժվելով արագ զարգացող աշխարհի պահանջներին համաքայլ:
ԵՊՀ-ում հաղորդակցվելու և տեղեկություն ստանալու, ինչպես նաև կրթության որակի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել ու լավարկվել են էլեկտրոնային հարթակներ։
ԵՊՀ-ի նախաձեռնությամբ ստեղծվել և 2023 թվականի մարտ ամսից գործարկվել է «Registrar» հարթակը, որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին կրթական ծրագրի առաջարկած կամընտրական դասընթացների ցանկից ընտրելու առարկաները։ Նրանք կարող են հետևել իրենց առաջադիմության արդյունքներին, դասացուցակին և քննությունների ժամանակացույցին։ Հարթակը նախատեսված է նաև դասախոսների համար՝ հնարավորություն ընձեռելով գնահատելու ուսանողներին:
Հատկանշական է, որ իրականացվող յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ պատրաստվել են համապատասխան ուղեցույցներ, որոնք հստակեցնում են, թե քայլերի ինչ հաջորդականությամբ է պետք օգտվել ու արդյունավետորեն կիրառել ստեղծված էլեկտրոնային հարթակները։ Դիմումների, զեկուցագրերի, տեղեկանքների և հրամանների շրջանառությունը թվայնացվել է «Mulberry», «Supervision», «Հայկական ծրագրեր» հարթակների միջոցով։ Շարունակվել են «Supervision» համակարգի թարմացումներն ու համապատասխանեցումն ուսումնական գործընթացին։ Համակարգը նախատեսված է նաև ուսանողների ուսումնական գործընթացը թվայնացնելու համար՝ նպաստելով տեղեկությունների համակարգված հավաքագրմանը:
Ժամանակն արդյունավետ կառավարելու համար ավելացել է «e-request.ysu․am» հարթակի միջոցով տրամադրվող դիմումների տեսակների քանակը, ինչն էականորեն նպաստում է աշխատակիցների և ուսանողների փաստաթղթաշրջանառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
Տարվա ամենակարևոր փոփոխություններից է նաև ԵՊՀ նոր կայքէջը, ինչի արդյունքում թվային աշխարհում ԵՊՀ-ն ներկայացել է յուրօրինակ, նորարարական ոճով, տեղեկատվություն տրամադրելու առավել հասանելի ու մատչելի հնարավորություններով։
Վերազինվել են համակարգչային լսարանները, որտեղ տեղադրվել են ինտերակտիվ էկրաններ, «խելացի» գրատախտակներ։ Իրականացվել է «Wi-Fi» ցանցի գնահատում, բարելավում, ձեռք են բերվել նոր սարքավորումներ: Նշենք, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն՝ ընդլայնելով «Wi-Fi» ցանցը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, համակարգչային ցանցի և տեխնիկայի սպասարկումն ապահովելու համար աշխատանքներ են կատարվել էլեկտրոնային տարբեր համակարգերն ինտեգրելու ուղղությամբ։ Թարմացվել են բոլոր սերվերները, սերվերային ենթակառուցվածքները։
Արհեստական բանականության ոլորտում ավելի մրցունակ գիտակրթական աշխատանքներ կատարելու համար ԵՊՀ-ն ձեռք է բերելու գերհամակարգիչ։
Վերջին տարիներին արհեստական բանականության նվաճումների զգալի մասը, մասնավորապես այն մոդելները, որոնք կիրառվում են ChatGPT-ի նման համակարգերում, հնարավոր է ստանալ միայն այսօրինակ հաշվողական հզոր համակարգերի միջոցով: Այն հնարավորություն կտա էապես ավելի մրցունակ գիտական աշխատանքներ կատարելու արհեստական բանականության ոլորտում:
Դեռևս 2019 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսել է բանակցել «NVIDIA» ընկերության հետ՝ գերհամակարգիչ ձեռք բերելու վերաբերյալ:
Գերհամակարգիչը պարունակում է «NVIDIA» ընկերության H100 տեսակի 64 տեսաքարտեր, որոնք հնարավորություն են տալիս գերարագ հաշվարկներ կատարելու հատկապես արհեստական բանականության ոլորտում: Կարևոր առանձնահատկությունն այն է, որ այդ 64 տեսաքարտերը կարելի է օգտագործել որպես մեկ միասնական համակարգ՝ միաժամանակ օգտագործելով բոլոր քարտերը:
«ԵրևանԷն» գիտակրթական հիմնադրամի և ԵՊՀ-ի արհեստական բանականության լաբորատորիայի հետազոտողները սկսել են աշխատել ԱՄՆ-ում գործող հետազոտողների, մասնավորապես փորձառու մասնագետ Արմեն Աղաջանյանի հետ: 2022 թվականի ավարտին Ա. Աղաջանյանը Հայաստանում սեփական GPU գերհամակարգիչ ունենալու վերաբերյալ առաջարկ էր պատրաստել: Առաջարկը նախ քննարկվել է մասնավոր շրջանակներում ու մեծ աջակցություն ստացել ոլորտի ընկերություններից, գիտնականներից և Հայաստանում գործող վենչուրային ֆոնդերից: Այնուհետև առաջարկը քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՀՀ ԱԺ ներկայացուցիչների հետ: Առաջարկին միացել է նաև «Հայ մշակութային և գիտական ընկերակցությունը» (ASOF):
Գերհամակարգչի օգտագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար ձևավորվելու է մասնագիտական խորհուրդ: Գերհամակարգիչը կիրառելու են գիտնականները, իսկ ուսանողների ներգրավվածությունը սկզբնական շրջանում կլինի միայն հետազոտական աշխատանքներին միանալու տարբերակով:
Նշենք, որ գերհամակարգիչը ձեռք է բերվելու ՀՀ Կառավարության հատկացրած ֆինանսական միջոցներով։ Տարեսկզբին կսկսվեն գերհամակարգչի ձեռքբերման, ինչպես նաև տեղադրման պայմանների ապահովման աշխատանքները:
Համալսարանում գիտահետազոտական ոլորտի զարգացման և բարելավման, ինչպես նաև կրթության որակի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները ԵՊՀ առանցքային առաջնահերթություններից են, որոնց միտված ջանքերը կլինեն շարունակական։