Декабрь 31, 2023 | 12:00
Образование
Новогоднее обращение ректора ЕГУ Оганнеса Оганнисяна
Սիրելի՛ համալսարանականներ, սիրով շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ և հղում իմ ամենաջերմ մաղթանքները։
Անցնող տարին լի էր հաջողություններով, բայց և ծանր կորուստներով ու մարտահրավերներով, որոնց դիմակայելիս մենք ցուցաբերել ենք տոկունություն, միասնականություն և համախմբվածություն։ Դժվարությունները հաղթահարելու և առաջիկայում շարունակական առաջընթաց ու հաղթանակներ գրանցելու համար մենք պետք է է՛լ ավելի կարևորենք որակյալ կրթությունը, գիտական առաջադեմ միտքը, նորարարական գաղափարները, աշխատասիրությունն ու նվիրվածությունը:
Այս համատեքստում անհրաժեշտ է ևս մեկ անգամ ընդգծել, որ Երևանի պետական համալսարանը պարզապես ակադեմիական հաստատություն չէ․ այն մեր երկրի առաջընթացը խթանող որակյալ կադրերի, առաջնորդների, մտածողների, խնդիրներ առաջադրողների և լուծումներ գտնողների պատրաստման յուրօրինակ «դարբնոց» է, ուստի համալսարանի զարգացումը պետք է լինի բոլորիս առաջնահերթությունը։
Անցած տարում զգալի քայլեր են կատարվել ԵՊՀ-ն միջազգային առաջատար կրթական ու հետազոտական կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Ներդրած ջանքերի, արձանագրած հաջողությունների և կատարած աշխատանքի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր ուսանողներին, դասախոսներին, գիտնականներին ու կրթական գործընթացն ապահովող բոլոր աշխատակիցներին․ ձեզնից յուրաքանչյուրի նվիրվածությունը համալսարանի հաջողության հիմնաքարն է, հենց ձեր սերն ու պատասխանատվությունն են մեր համալսարանը դարձնում բացառիկ ու յուրահատուկ։
2024 թվականին Երևանի պետական համալսարանը կշարունակի իր հանձնառությունը՝ լինել գերազանցության և նորարարության կենտրոն, հասնել դրական փոփոխությունների մեր երկրի և հասարակության համար։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ։