Января 29, 2024 | 15:08
Образование
Студенческий
Профессия инженера глазами Элен Мнацаканян
ԵՊՀ-ում ուսանողները ստանում են հարուստ գիտելիքներ, ձեռք բերում ընդհանրական ու մասնագիտական կարողություններ և փորձառություն: Մասնագիտական հմտությունների ձեռքբերման ճանապարհին ԵՊՀ ուսանող Էլեն Մնացականյանն ընդգրկված է հետազոտական և գիտակրթական մի շարք ծրագրերում:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Էլեն Մնացականյանը, ընտրելով ինժեների մասնագիտությունը, ցանկանում է կարծրատիպեր կոտրել և ցույց տալ, որ կանայք նույնպես կարող են դառնալ ոլորտի հմուտ մասնագետներ:
Մեզ հետ զրույցում նա պատմել է մասնագիտական ոլորտում գրանցած հաջողությունների, ուսանողական կյանքի և կամավորական աշխատանքներում իր ներգրավվածության մասին։
- Էլե՛ն, ինչո՞ւ ընտրեցիք հենց ինժեների մասնագիտությունը:
- Կարծում եմ, որ ինժեների մասնագիտությունը «ֆանտաստիկ է», քանի որ ամեն վայրկյան կարող ես բացահայտել նորը՝ կրկին ու կրկին «սիրահարվելով» այդ մասնագիտությանը: Համեմատելով տարբեր բուհերի մասնագիտական, կրթական ծրագրերը, ընձեռած հնարավորություններն ու ակտիվությունը՝ ԵՊՀ ընդունվելու վերջնական որոշում կայացրի: Միշտ հետաքրքրված եմ եղել բնագիտական առարկաներով և մտածել եմ, թե որտեղ կարելի է կիրառել մաթեմատիկայի և ֆիզիկայի գիտելիքները: Ուսումնասիրեցի և հասկացա, որ այս առումով ինձ հոգեհարազատ է ինժեների մասնագիտությունը:
Մեր ոլորտում աղջիկների թիվը փոքր է, քանի որ կա տարածված տեսակետ, ըստ որի՝ ինժեներներ կարող են լինել միայն տղամարդիկ: Աղջիկները, հաշվի առնելով դժվարությունները, վախենում են ընտրել այս մասնագիտությունը: Իսկապես, մասնագիտությունը բավականին դժվար տարրեր է պարունակում, ընդհուպ մինչև քվանտային էլեկտրոնիկա: Շատերն էլ առհասարակ տեղյակ չեն, թե ինչ է իրենից ենթադրում ինժեների մասնագիտությունը՝ առանց խորապես ուսումնասիրելու այն: Ես ցանկանում եմ կոտրել այդ կարծրատիպը, քանի որ ինժեների աշխատանքը սեռ չի ճանաչում: Ինքս էլ միշտ հպարտորեն եմ բարձրաձայնում ինժեների մասնագիտություն ունենալուս մասին:
- Կրթությանը զուգահեռ՝ աշխատել եք մի շարք հաստատություններում: Կպատմե՞ք ձեր աշխատանքային գործունեության մասին:
- Դեռ առաջին կուրսից ընդգրկված եմ եղել տարբեր ծրագրերում և աշխատանքներում, սակայն ուզում եմ առանձնահատուկ նշել, որ արդեն 3 տարի է, ինչ կամավոր սկզբունքով աշխատում եմ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում գործող Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցում: Որպես ուսանող էլ շատ ակտիվ եմ. ընտրվել եմ ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի պատասխանատու և կազմակերպել բազմաթիվ մրցույթներ և խաղեր:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ՔՖԻ «Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնում» աշխատել եմ որպես ինժեներ: Կատարել եմ բազմաթիվ հետազոտություններ, վերլուծել դրանց արդյունքները: Երբ քիմիկոսներն ու ֆիզիկոսներն ավարտում էին հետազոտությունների իրենց մասը, ես վերցնում էի նյութը, հետազոտում այն մի քանի սարքերի միջոցով՝ հասկանալու համար ստացված նյութի գույնը, ձևը, տեսքը, խտությունը և այլ հատկությունները: Այնուհետև՝ ավագ մասնագետների օգնությամբ վերլուծում էինք՝ ինչ ենք ստացել, ինչ է անհրաժեշտ ստանալ, որն է դրանց տարբերությունը, ինչ է պետք փոխել և այլն:
- Ի՞նչ դերակատարում ունի ԵՊՀ-ն Ձեր մասնագիտական ուղու կերտման գործում:
- ԵՊՀ-ում դու քեզ երբեք մենակ չես զգում, հաջողությունն այստեղ միշտ քեզ համընթաց է «քայլում»: Ես ինձ մենակ չեմ զգացել ո՛չ մասնագիտության առումով, ո՛չ հասարակական գործունեության ծավալելիս: Յուրաքանչյուր միտք դասախոսների աջակցությամբ հնարավոր է իրագործել. նրանք ոգեշնչում են և միանում քո նախաձեռնությանը:
Ես այստեղ սովորեցի ստեղծագործել գիտության մեջ: Կարող եմ ասել, որ այս 4 տարիների ընթացքում ԵՊՀ-ն ինձ համար թև ու թիկունք է դարձել: ԵՊՀ-ում մենք ոչ միայն սովորում ենք, այլև ձեռք բերում և զարգացնում մարդկային բարձր որակներ:
- Էլե՛ն, կրթության և գիտության բնագավառում ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
- Իմ գլխավոր նպատակը ոլորտի լավագույն մասնագետների շարքերը համալրելն է, ուստի կրթությունը մագիստրատուրայում շարունակելն անկասկած է: Վստահ եմ՝ զարգացնելով նեղ մասնագիտական գիտելիքներս ու հմտություններս՝ կկարողանամ բազմաթիվ հաջողություններ գրանցել, իսկ մեր մասնագիտությունն ընտրել ցանկացող դիմորդներին խորհուրդ կտամ չերկմտել, հավատալ երազանքներին և խենթ թվացող մտքերին, քանի որ ԵՊՀ-ն բոլոր հնարավորություններն ընձեռում է գիտակրթական և հետազոտական աշխատանքներում ուսանողների ակտիվ ներգրավվածությունն ապահովելու համար: