Իրավաբան, պրոֆեսոր
Ծնվել է 1850 թ. Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում: Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը և 1884 թ. դարձել նույն համալսարանի պրոֆեսոր՝ անընդմեջ պաշտոնավարելով մինչև 1899 թ.:
1898 թ. հրատարակել է «Гражданское право», «Вещное право» (ч. 1-2, СПб.) աշխատությունները: 1899 թ. լույս տեսած «Հասարակական-իրավաբանական գիտությունների ժողովածու»-ի առաջին համարում տպագրվել է նրա «Право в его основных моментах» ուսումնասիրությունը: Մեծ արձագանք է գտել նաև 1910 թ. նույն ժողովածուում հրատարակված «Свобода и ее гарантии» (т.1, СПб.) աշխատությունը: Եղել է «Գրանատ» հանրագիտական բառարանի խմբագրական խորհրդի անդամ:
1900 թ. գործուն մասնակցություն է ունեցել Փարիզում հումանիտար գիտությունների ռուսական բարձրագույն դպրոցի հիմնադրմանը, դասախոսել Բրյուսելի համալսարանում: 1906-1911 թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ և մշակել ու հրատարակել է քաղաքացիական իրավունքի դասընթացը «Курс гражданского права» (т. 1, ч. общая, СПб., 1911) և այլ արժեքավոր աշխատություններ: Ռուսական աղբյուրներում նա հիշատակվում և մեծարվում է որպես իրավագիտության մեջ ռուսական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր: Կյանքի վերջին շրջանում վերադարձել է Թիֆլիս և ղեկավարել Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1919 թ. համալսարանի կազմակերպիչ-ռեկտոր առաջադրվեց գիտական կյանքի նշանակալի ուղի անցած պրոֆ. Յու. Ղամբարյանը: Չնայած պատկառելի տարիքին՝ նա այդ խիստ դժվարին ու պատասխանատու գործում դրսևորեց մեծ կամք ու տոկունություն:
1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) տեղի է ունեցել համալսարանի բացման արարողությունը, որի ժամանակ հանդես է եկել ռեկտոր Յու. Ղամբարյանը: Նրա հակիրճ, բայց խիստ հագեցած ու տպավորիչ խոսքը ողջույնի տոնական մաղթանք չէր, այլ համալսարանի հասարակական դերի ու կոչման, գիտության կաճառի մասին ծրագրային ելույթ:
Թեև Հայաստանում նա աշխատեց ընդամենը 1919 թ. հուլիսից մինչև 1920 թ. դեկտեմբերը, բայց կարճ ժամանակում վիթխարի գործ կատարեց՝ լուծելով նորաբաց համալսարանի առանցքային հիմնահարցերը՝ հավաքագրել հիմնադիր պրոֆեսորներին, ստեղծել բարձրորակ աշխատակազմ, որը կարող էր պատիվ բերել ցանկացած առաջնակարգ համալսարանի: Նա հանրապետության արտաքին գործոց նախարարության միջոցով դիմեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին (ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կ.Պոլսում, Ավստրիայում ու Պարսկաստանում)՝ առաջարկելով կազմակերպել կամավոր նվիրատվությունների հանգանակում և համալսարանի գրադարանի համար գիտական հիմնարկներից և մասնավոր անձանցից գրքերի ձեռքբերում:
1920 թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, փոխվեցին համալսարանի դիմագիծն ու ծրագրերը, և նախկին աշխատակազմը ռեկտորի հետ միասին ազատ արձակվեց, ուստի նա ստիպված վերադարձավ Թիֆլիս: Նրա հետագա գործունեության մասին ոչինչ հայտնի չէ:
Համալսարանի առաջին ռեկտորը տասնամյակների հեռվից ներկայանում է ոչ միայն որպես համաեվրոպական ճանաչում ունեցող մեծ գիտնական, այլև իր հայրենիքի ճակատագրով խորապես մտահոգված մտավորական և իրավամբ դասվում է հայոց մեծերի շարքը:
Վախճանվել է 1926 թ. Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):
Նրա բրոնզաձույլ կիսանդրին դրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում: