Քիմիկոս, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1889 թ. հունիսի 23-ին Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում, բարձրագույնը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ աշակերտել է Դ. Մենդելեևին: Դեռևս համալսարանում ուսանելիս մեկնել է արտասահման և գիտական հետազոտություններ կատարել Փարիզի համալսարանում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Սանկտ Պետերբուրգի ճանապարհաշինարարական ինստիտուտում որպես լաբորատորիայի վարիչ և անօրգանական քիմիայի դասախոս ու շարունակել զբաղվել գիտահետազոտական աշխատանքով: Հիմնականում զբաղվել է անօրգանական քիմիայով, սակայն հետաքրքրվել է նաև ֆիզիկական քիմիայի, քիմիական տեխնոլոգիայի, նավթի երկրաբանության, ինչպես և հնագիտության ու լեզվաբանության հարցերով:
1921 թ. Թիֆլիսից տեղափոխվել է Երևան և նշանակվել ԵՊՀ տեխնիկական (բնագիտական) ֆակուլտետի դեկան: Նա մեծ աշխատանք է կատարել այդ ֆակուլտետի համար դասախոսական կադրեր հավաքագրելու և լաբորատոր սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ: 1921 թ. վերջերին և 1922-ի սկզբին մի քանի ամիս եղել է ԵՊՀ ռեկտոր, ապա համալսարանի գործերով մեկնել Մոսկվա ու Պետերբուրգ և այլևս չի վերադարձել:
1922 թ. գարնանից աշխատանքի է անցել Թիֆլիսի ճանապարհաշինարարական ինստիտուտում որպես անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ: Գիտական գործունեության հետագա շրջանում սերտ կապերի մեջ է եղել ԵՊՀ-ի, Հայաստանի մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտությունների ակադեմիայի հետ:
1939 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Վախճանվել է 1957 թ. օգոստոսի 11-ին Թբիլիսիում: