Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1909 թ. նոյեմբերի 25-ին ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, այնուհետև՝ ուսումը շարունակել Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1931 թ. ավարտել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը:
1931-1937 թթ. աշխատել է ՀԿ(բ)Կ ԿԿ-ին կից կուսակցության պատմության ինստիտուտում: 1938-1940 թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) պատմության և նյութական կուլտուրայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1940-1941 թթ.՝ տնօրեն:
1941 թ. մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Հայրենական պատերազմին, վիրավորվել Կովկասի պաշտպանության համար մղված մարտերից մեկում:
1944-1946 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ,
1946-1950 թթ.՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալ:
1939 թ. պաշտպանել է թեկնածուական, 1946 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1947 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1950 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և մինչև 1962 թ. վարել հասարակական գիտությունների գծով փոխնախագահի պաշտոնը: 1962-1966 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1966-1977 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր, 1977-ից մինչև կյանքի վերջը՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ- ռուսական հարաբերությունների պատմության բաժնի վարիչ:
1931-1968 թթ. զբաղվել է նաև մանկավարժական աշխատանքով. հայ ժողովրդի պատմություն է դասավանդել ՀՊՄԻ-ում, ԵՌՕԼՄԻ-ում և ԵՊՀ -ում: 1937-1941 թթ. եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, 1949-1954 թթ.՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ:
Թողել է պատմագիտական հարուստ ժառանգություն՝ հոդվածներ, փաստաթղթերի ժողովածուներ, մենագրություններ, որոնցից են՝ «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870 թթ.» (Եր., 1955), «Դեկաբրիստները Հայաստանում» (Եր., 1958), «Из истории русско -армянских отношений» (кн. 1 – 2, Ер., 1956 – 1961), «Отечественная война 1812 года и народы Кавказа» (Ер., 1965), «А. В. Суворов и русско -армянские отношения в 1770-1780-х годах» (Ер., 1981):
Օսմանյան կայսրության կազմակերպած Հայոց մեծ եղեռնի պատմության լուսաբանման տեսակետից բացառիկ արժեք ունի Ռ. Սահակյանի հետ նրա կազմած և խմբագրած «Геноцид армян в Османской империи» (Ер., 1966, հայ., 1991) փաստաթղթերի և նյութերի ստվարածավալ ժողովածուն:
Նա գործուն մասնակցություն է ունեցել մի շարք ուսումնական ձեռնարկների և կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը, որոնցից հիշարժան է «Հայ ժողովրդի պատմություն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (Եր., 1972, 1985 և ռուս.՝ 1980) գիրքը:
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական ու դոկտորական 20 ատենախոսություն:
Նա հրատարակչական գործի քաջագիտակ կազմակերպիչ էր. նրա նախաձեռնությամբ 1958 թ. հիմնադրվել է «Պատմա-բանասիրական հանդեսը», որի անփոփոխ գլխավոր խմբագիրն էր մինչև կյանքի վերջը: 1967 թ. հիմնադրել է նաև «Բանբեր Երևանի համալսարանի» քառամսյա հանդեսը:
Եղել է ՀԿԿ XV, XXIV, XXVI համագումարների պատգամավոր, բազմիցս ընտրվել ՀԿԿ ԿԿ-ի և Երևանի քաղկոմի անդամ, ՀԽՍՀ ԳԽ և ԽՍՀՄ ԳԽ VII, VIII, IX գումարումների պատգամավոր:
1961 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, Մովսես Խորենացու մեդալով:
1994 թ. նրան շնորհվել է «Գիտական ուսումնասիրությունների և բարձրագույն կրթության բնագավառում ձեռք բերած բացառիկ նվաճումների համար» ԵՊՀ մեդալ:
Վախճանվել է 1999 թ. հունվարի 28-ին Երևանում: