- Հրապարակում
Երևանի պետական համալսարանը մշակել և հաստատել է Գենդերային հավասարության ծրագիրը (ԳՀԾ)՝ հիմնվելով իր ներքին կանոնակարգերի, ինչպես նաև գենդերային հավասարության ծրագրերի վերաբերյալ «Հորիզոն Եվրոպա» ուղեցույցի կանոնակարգերի և առաջարկությունների, իր Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի մասնագիտական ներդրումների, նաև գենդերային հարցերի ոլորտում աշխատող ՔՀԿ-ների հետ խորհրդակցությունների վրա:
ԵՊՀ-ն հանձնառու է երաշխավորելու գենդերային հավասարությունը՝ որպես համալսարանի իրավունքահենք կառավարման կարևոր բաղադրիչ՝ ապահովելով որոշումների կայացման իրավահավասարություն ու թափանցիկություն և կանխելով գենդերային հիմքով խտրականությունը:
ԳՀԾ-ն իրականացվում է ԵՊՀ 2021-2026 թթ. ռազմավարության և տարեկան գործողությունների ծրագրերի միջոցով, որոնք մշակվում են ռազմավարության հիման վրա: Այս ծրագրերը ներառում են քաղաքականությունների և ընթացակարգերի բարելավում, գենդերային հավասարության ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմների բարեփոխում, ինչպես նաև համալսարանի անձնակազմի կարողությունների զարգացում և գենդերային հավասարության տարբեր ասպեկտների վերաբերյալ դասախոսական ու վարչական անձնակազմի, ինչպես նաև ուսանողների իրազեկվածության բարձրացում։
- Հատկացված ռեսուրսներ
2013 թ. ԵՊՀ-ն ստեղծել է Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը, որը համալսարանում գենդերային ուսումնասիրությունների հիմնական ռեսուրսն է: Կենտրոնը կարևոր դեր է խաղում որպես հետազոտական և վերապատրաստման միավոր, որը համալսարանին տրամադրում է կարևոր հետադարձ կապ գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ: Ներկայում այն կենտրոնանում է գենդերային հավասարության առումով համալսարանի կանոնների և կանոնակարգերի զգայունացման և գենդերային տվյալների մշտադիտարկման (մոնիթորինգի), վերլուծության և մշակման մեխանիզմի կատարելագործման վրա: Ելնելով այն հանգամանքից, որ այս գործընթացը ներառված է համալսարանի ռազմավարության և տարեկան աշխատանքային ծրագրերի մեջ, նախատեսվող գործողությունները իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կհատկացվեն տարեկան բյուջեի պլանավորման ընթացքում: Միևնույն ժամանակ, համալսարանը Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի միջոցով կիրականացնի ֆոնդահայթայթում` գենդերային հավասարության խնդիրների բարձրաձայնման, հասցեագրման և լուծման միջազգային լավագույն փորձերի կիրառման վրա կենտրոնացած նախագծերի համար:
- Տվյալների հավաքագրում և մշտադիտարկում (մոնիթորինգ)
Համալսարանի անձնակազմի կառավարման բաժինը հավաքագրում և դասակարգում է աշխատակիցների տվյալները, և գենդերային բաշխվածությունը դասակարգման ցուցիչներից մեկն է: Համալսարանը ներկայումս արդիականացնում է իր կադրային տվյալների հավաքագրման գործիքները, և երբ գործընթացն ավարտվի, տվյալների մշակումն ու վերլուծությունը տեխնիկապես ավելի արդյունավետ կդառնան:
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնն իր վերլուծություններում օգտագործում է առկա տվյալները և մշտադիտարկում գենդերային հավասարության հետ կապված դինամիկան ու հիմնական միտումները:
- Վերապատրաստում
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը համալսարանի անձնակազմի համար և դրանից դուրս անցկացնում է պարբերական վերապատրաստումներ, ինչպես նաև ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի համար մշակում և տրամադրում է վերապատրաստման նյութեր։
Շարունակական կրթության կենտրոնը համալսարանի անձնակազմի համար պարբերաբար մշակում է վերապատրաստումների փաթեթներ, և գենդերային հավասարության բաղադրիչը ՇԿԿ դասընթացների թեմաներից է:
- Աշխատանք-առօրյա հավասարակշռություն և կազմակերպական մշակույթ
ԵՊՀ-ն իր քաղաքականության մեջ և ընթացակարգերում արտացոլում է աշխատանք-կյանք հավասարակշռության մեխանիզմները, ինչպես նաև կիրառում է աշխատանքային պրակտիկա, որի նպատակն է բոլոր աշխատակիցներին տալ հավասար հնարավորություններ՝ հավասարակշռելու աշխատաժամանակը և ազատ ժամանակը: Կազմակերպական մշակույթի բարելավման առումով ԵՊՀ-ն ձեռնարկում է ակտիվ քայլեր, որոնք և՛ կհզորացնեն կանանց իրենց կարիերայի առաջընթացում, և՛ կբարձրացնեն տղամարդկանց իրազեկվածությունը գենդերազգայունության, հավասարության և կարիերայի զարգացման վերաբերյալ: Այս թեմաների հետ կապված կանոնակարգերը ներառված են ԵՊՀ էթիկայի կանոնագրքում:
- Գենդերային հավասարության ապահովումը առաջնորդության և որոշումների կայացման մեջ
Առաջնորդության և որոշումների կայացման մեջ գենդերային հավասարության սկզբունքի պահպանման մի քանի առանցքային հայեցակետեր կան: Առաջին բաղադրիչը վերաբերում է քաղաքականությանը և ընթացակարգերին, այսինքն՝ համալսարանը հետևում է հավասարությունը կարգավորող ընդհանուր իրավական դաշտին և կիրառում է այն տեղական կանոնների և կանոնակարգերի միջոցով: Դրանք վերաբերում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են աշխատանքի ընդունումը, կարիերային առաջխաղացումը, որոշումների կայացման գործընթացում ներգրավվածությունը և այլն: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է այն գործիքներին և մեխանիզմներին, որոնք ապահովում են քաղաքականությունների պատշաճ գործարկումը և ընդունված որոշումների արդյունավետ իրականացումը: Սա իրականացվում է համալսարանի ստորաբաժանումներին (օր.՝ Անձնակազմի կառավարման բաժին) արդյունավետ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ուղեցույցներ տրամադրելու միջոցով: Երրորդ բաղադրիչը վերաբերում է որոշումների կայացման կազմակերպական մշակույթին, որի վրա մեծապես ազդում են առաջին երկուսը, և այն պայմանավորված է անձնակազմի գիտելիքներով ու հմտություններով: Այսպիսով, ԵՊՀ-ն խրախուսում է այս գործընթացների վրա կենտրոնացած իրազեկման բարձրացումը և կարողությունների զարգացումը:
- Գենդերային հավասարություն աշխատանքի ընդունման գործընթացի մեջ և կարիերայի առաջընթացում
ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով կան հստակ պահանջներ, որոնք աշխատանքի ընդունման և կարիերայի առաջընթացի հարցում պահանջում են գենդերային հավասարություն: ԵՊՀ-ն արտացոլում է այս պահանջներն իր քաղաքականություններում և ընթացակարգերում, ինչպես նաև կիրառում է տարբեր մեխանիզմներ՝ աշխատանքի ընդունման և կարիերայի առաջընթացի հարցում ապահովելու հավասար հնարավորություններ բոլորի համար։
- Գենդերային հարթության ինտեգրում հետազոտության և ուսուցման բովանդակությանը
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը առանձին միավոր է, որը ստեղծվել է հատկապես հետազոտական և ուսուցման բովանդակությանը գենդերային հարթության ինտեգրման համար: Սա շարունակական գործընթաց է, որը կենտրոնն իրականացնում է ամենօրյա ռեժիմով։ Այն նաև համագործակցում է ֆակուլտետների, հետազոտական ստորաբաժանումների և Շարունակական կրթության կենտրոնի հետ՝ այս գործընթացն ավելի համակարգային դարձնելու համար:
- Գենդերային հիմքով բռնության, այդ թվում՝ սեռական ոտնձգության դեմ ուղղված միջոցառումներ
Անձնակազմի կառավարման բաժինը և ռեկտորատը այն առաջնային կառույցներն են, որոնք իրավասու են լուծելու գենդերային հիմքով բռնության՝ ներառյալ սեռական ոտնձգության հետ կապված հարցերը: