Ս.թ. փետրվարի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Երևանի պետական համալսարանի և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների միջև:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, կենտրոնի մասնագետ Մարինե Մարգարյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալներ Նարինե Միրզոյանը և Վարդան Ալեքսանյանը, ֆակուլտետի կրթական ծրագրի ղեկավարները և ամբիոնների վարիչները, ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության առանձին գործառույթներ համակարգող-խորհրդական Սյուզաննա Մանուկյանը և մի շարք վարչությունների ղեկավարներ։
Համալսարանի և նախարարության համագործակցության շրջանակում կարևոր է Ֆինանսների նախարարության՝ որպես հեռանկարային և գրավիչ գործատուի ներկայացումն ուսանողներին։ Այդ նպատակով 2023 թվականին ԵՊՀ-ում ուսանողների համար կազմակերպվել են մի շարք դասընթացներ և հանդիպումներ, որոնց շրջանակում նախարարության աշխատակիցները ուսանողներին ներկայացրել են իրենց գործունեությունը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխնօրեն Կարինե Նազարյանի առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համալսարանում կայանալիք հանդիպումներից զատ՝ ուսանողների համար Ֆինանսների նախարարությունում շրջայցերի և մասնագիտական դասընթացների կազմակերպման վերաբերյալ, ինչն ուսանողներին կտա ինչպես մասնագիտական գիտելիքներ, այնպես էլ նախարարությունում կարիերա սկսելու հնարավորություն։
Հանդիպման հիմնական նպատակն էր Ֆինանսների նախարարության և ԵՊՀ-ի միջև կնքված հուշագրի և դրա հիման վրա իրականացվող գործողությունների պլանով ամրագրված քայլերից մեկի՝ ուսումնական թեմաների պլանի քննարկումը, առաջարկների ներկայացումը՝ նախարարության կողմից իրականացվող գործառույթներին համապատասխան:
Հանդիպման ընթացքում նախարարության աշխատակիցները ԵՊՀ ներկայացուցիչներին ներկայացրին իրենց գործառույթները, հիմնական մասնագիտությունների և հմտությունների գործիքակազմը, որոնք անհրաժեշտ են և արդիական նախարարության գործառույթներն իրականացնելու և բուհի տրամադրած գիտելիքներն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելու համար:
Հանդիպման շրջանակում ձեռք բերվեցին համաձայնություններ նախարարությունում աշխատանքի համար անհրաժեշտ թեմաները համալսարանի ուսումնական պլանում ներառելու, նախարարության աշխատակիցների կողմից բուհում ուսուցանվող թեմաների վերաբերյալ որոշակի նյութերի փոխանցման, ինչպես նաև նախարարության աշխատանքն ուսանողներին ներկայացնելու նպատակով պարբերական հանդիպումների կազմակերպման վերաբերյալ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև առաջիկայում համատեղ հետազոտություններ կատարելու համար գիտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում համագործակցելու և ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի կազմակերպման ժամանակ համաղեկավարությամբ հանդես գալու հարցերի շուրջ։
Ինչպես նշվեց հանդիպման ժամանակ, այսօրինակ հանդիպումների շնորհիվ ամրապնդվում է բուհ-պետական ոլորտ կապը։