ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և «Տնտեսական լրագրողների ակումբի» նախագահ Աննա Բաղդասարյանը, կարևորելով տնտեսական լրագրության խթանման անհրաժեշտությունը, նպատակ հետապնդելով ապահովել փոխշահավետ գործակցություն, աջակցելու կողմերի գործունեությանը և նպաստելու տնտեսագիտական պրոֆեսիոնալ վերլուծությունների հանրայնացմանը, ստորագրել են համագործակցության հուշագիր:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասնագիտական ներուժի, ինչպես նաև «Տնտեսական լրագրողների ակումբի» գործունեության ընթացքում կուտակված փորձի ու կարողության համադրմամբ կապահովվի արդյունավետ համագործակցություն:
Համագործակցության շրջանակում ֆակուլտետի գիտնականներին հնարավորություն կընձեռվի ակումբի՝ սոցիալ-տնտեսական մասնագիտացված կայքէջում (www.ejc.am/hy) պարբերաբար հրապարակելու կիրառական բնույթի տնտեսագիտական հետազոտությունների արդյունքները։
Բացի դրանից՝ ակումբի պաշտոնական կայքէջում երկրի տնտեսական իրողությունների և կարևորագույն իրադարձությունների լուսաբանման, մեկնաբանման ու մասնագիտական վերլուծության համատեքստում տարբեր հարցազրույցներում ֆակուլտետի լավագույն տնտեսագետ-փորձագետների ներգրավումը նաև հնարավորություն կընձեռի խթանելու տնտեսական լրագրությունը՝ ապահովելով տնտեսական զարգացումներն ու իրողությունները հանրայնացնելու նոր հնարավորություններ:
Հուշագրով նախատեսվում է նաև մի շարք այլ համատեղ նախագծերի, դասընթացների, գիտաժողովների, սեմինարների և կլոր-սեղան քննարկումների կազմակերպում և իրականացում։
Կողմերը պատրաստակամ են, ելնելով անհրաժեշտությունից, մշտապես քննարկելու և մշակելու համագործակցության նոր, առավել արդյունավետ այլ ձևաչափեր: