Ս.թ. մարտ 5-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ Լ.Կարապետյանն ավարտական կուրսի մի խումբ ուսանողների հետ (անցանց և առցանց ձևաչափով) մասնակցեց «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» ՀՀ առաջին ֆինանսաներդրումային համաժողովին:
Համաժողովի բանախոսներից էր ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, դեպոզիտար ծառայությունների վարչության ղեկավար Լևոն Կլեկչյանը:
Համաժողովը բացվեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և «Freedom Holding Corp․» միջազգային հոլդինգի հիմնադիր և ղեկավար Թիմուր Տուրլովի ողջույնի խոսքով:
Համաժողովի բիզնես ծրագիրը անդրադարձավ երկրի ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային ասպեկտներին և հեռանկարներին։ Համաժողովի ամենալայնածավալ միջոցառումը «Ներդրումային միջավայրը Հայաստանում և կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները» թեմայով լիագումար նիստն էր, որի շրջանակում քննարկվեցին այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի ներդրումային միջավայրը, օտարերկրյա ներդրողների համար երկրի հնարավորությունները, ֆինանսական շուկայի ենթակառուցվածքները, կապիտալի շուկայում տիրող իրավիճակը և այլ հարցեր։ Քննարկման մասնակիցների թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, «Freedom Holding Corp․»-ի հիմնադիր և ղեկավար Թիմուր Տուրլովը, «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Հայկ Եգանյանը, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը և ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը:
Քննարկվեցին երկրում բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման և ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների արդիական հարցեր: Համաժողովի հետագա աշխատանքները շարունակվեցին ներքին ներդրողների զարգացման և կապիտալի շուկա ընկերությունների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկումների շրջանակում: Վերլուծվեցին այնպիսի արդիական հարցեր, ինչպիսիք են ներքին ներդրողների ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժերը, Հայաստանում և արտերկրում ներդրումներ կատարելու արդի գործիքները, ներդրումային պրոդուկտների հասանելիության բարձրացման հարցում պետության և շուկայի մասնակիցների դերը, ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության, ներդրումների խթանման և ֆինանսական կրթությանն ու գրագիտությանն առնչվող հարցեր: Բանախոսների թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, «Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը, «Արմբրոկ» ԲԲԸ-ի ակտիվների կառավարման և բրոքերային բաժնի ղեկավար Աշոտ Մինասյանը և «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ տնօրեն Հովակ Հովակիմյանը:
Համաժողովի շրջանակում «Freedom Holding Corp.»-ի վերլուծաբանների «Հայաստանը ֆոնդային շուկաների համաշխարհային քարտեզի վրա» հետազոտությունն առաջին անգամ ներկայացվեց լայն հանրությանը։ Հետազոտությունը անդրադարձել էր արդիական կարևոր հիմնահարցերի, որոնց թվում՝ Հայաստանի տնտեսության և ազգային արժույթի հեռանկարները, ինչու՞ են ներդրողներն այսօր հետաքրքրված Հայաստանի արժեթղթերի շուկայով, մասնավոր ներդրողների հեռանկարները փոխանակման զարգացման պլանների և կարգավորման լույսի ներքո, ԱՄՆ-ում հայերի հիմնադրած ամերիկյան խոշոր ստարտափների նախնական հրապարակային առաջարկների հեռանկարները և մի շարք այլ թեմաների: Բանախոսը «Freedom Finance Global»-ի վերլուծական դեպարտամենտի տնօրեն Իգոր Կլյուշնևն էր:
Համաժողովի մասնակիցների թվում էր արհեստական ինտելեկտի ոլորտում մասնագիտացած ձեռներեց Դավիթ Յանը, որը «ABBYY» ընկերությունների խմբի հիմնադիրն ու խորհրդի անդամն է։ Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է և գիտության ու տեխնիկայի բնագավառում ՌԴ Կառավարության մրցանակի դափնեկիր, որը ներառվել է աշխարհի 200 ամենահարուստ գործարարների ցուցակում՝ ըստ «Forbes» ամսագրի: Համաժողովի ժամանակ Դավիթ Յանը ներկայացրեց Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման գործում տեխնոլոգիաների դերի վերաբերյալ իր գաղափարներն ու տեսակետը։
Պանելային քննարկման հաջորդ թեմայի («Ընկերությունների ներգրավում կապիտալի շուկաներ») շրջանակում բանախոսներն անդրադարձան ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի զարգացման ներկա իրավիճակին և պետության դերակատարմանը, քննարկեցին մի շարք կազմակերպական և կառավարման բնույթի հարցեր՝ պարտատոմսերի տեղաբաշխումից մինչև IPO-ներ: Համաժողովը եզրափակվեց «Թվայնացումը՝ որպես ֆինանսական արդյունաբերության զարգացման առանցքային գործոն» աշխատանքային նիստով:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների մասնակցությանը նմանօրինակ համաժողովներին և պանելային քննարկումներին: Համաժողովին մասնակցեցին այն ուսանողները, որոնք վերոհիշյալ թեմաներով ավարտական աշխատանքներ են գրում: Սա հիանալի հնարավորություն էր նրանց համար՝ լրացնելու իրենց գիտելիքները, ծանոթանալու ոլորտի մասնագետների վերլուծություններին, արդի խնդիրներին և զարգացման հեռանկարներին: Համաժողովը արդյունավետ էր թե՛ ուսանողների, թե՛ մասնակից պրոֆեսորադասախոսական կազմի համար: Այն միտված էր ուսանողների գիտելիքները հարստացնելուն ու նոր հմտություններ փոխանցելուն, ինչպես նաև դասախոսների գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ու փորձի փոխանակմանը:
Համաժողովի ծրագրին մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: