ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է գիտագործնական սեմինարների շարք, որոնց մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ մյուս համալսարանների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և ասպիրանտներ։
Ս.թ. մարտի 15-ին տեղի ունեցավ ամենամսյա գիտագործնական սեմինարների՝ 2024 թվականի առաջին նիստը։
««Պաշտպանական արդյունաբերություն 4.0». ՀՀ պաշտպանական արդյունաբերության թվային փոխակերպման անհրաժեշտությունը» թեմայով զեկուցում ներկայացրեց տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը:
Սեմինարի ժամանակ պրոֆեսոր Գ․ Վարդանյանը ներկայացրեց համաշխարհային ռազմական մեքենայում «Արդյունաբերություն 4.0»-ի հարուցած հեղափոխական վերափոխումները, որոնք հանգեցրել են մարտադաշտի բազմակողմանի փոփոխություններին՝ այդպիսով առաջացնելով նոր մարտահրավերներ ազգային պաշտպանական արտադրությունների, արդյունքում նաև զինված ուժերի համար:
Քննարկումները ծավալվեցին «Պաշտպանական արդյունաբերություն 4.0»-ի աճող նշանակության, Արցախյան վերջին պատերազմի «թվային» դասերի և այդ համատեքստում ՀՀ պաշտպանական արդյունաբերության ընկերությունների թվային վերափոխման անհրաժեշտության և առնչվող մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ:
Սեմինարին ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, ամբիոնների վարիչներ, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ: