Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը Մոսկվայի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում հայտարարում է հայաստանյան բուհերի և ակադեմիական կենտրոնների երիտասարդ գիտնականների և ասպիրանտների (մինչև 35 տարեկան) գիտական հոդվածների մրցույթ:
Մրցույթի թեման է «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցեր. պատմություն, ժամանակակից իրադրություն և հեռանկարներ»: Հոդվածների համար առաջարկվում են հետևյալ թեմաները.
- Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունները:
- Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը, փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակում:
- Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պաշտպանության և անվտանգության ոլորտում:
- Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գիտության, կրթության և մշակույթի ոլորտում:
- Հայաստանը և Ռուսաստանը՝ որպես ընդհանուր քաղաքակրթական տարածքի մասեր:
Գիտական հոդվածները պետք է ներկայացվեն հայերեն կամ ռուսերեն, 15 էջից ոչ ավելի ծավալով (տառաչափ՝ 12, տառատեսակ՝ Times New Roman, միջտողային հեռավորություն՝ 1): Աշխատանքները կարող են բաժանված լինել ենթագլուխների: Աղբյուրները և օգտագործված գրականությունը պետք է նշվեն տողատակում՝ յուրաքանչյուր էջի տակ: Հոդվածի վերջում պետք է ներկայացվի ռուսերեն համառոտագիր (15 տողից ոչ ավելի):
Լավագույն գիտական հոդվածները կտպագրվեն «Բանբեր․Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» ԵՊՀ գիտական պարբերականում կամ համալսարանում տպագրվող այլ պարբերականներում: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 10-ն է:
Մրցութային աշխատանքները պետք է ներկայացվեն էլեկտրոնային և տպագիր տարբերակներով (էլհասցե՝ russian.studies@ysu.am)։ Հոդվածների տպագիր տարբերակները պետք է ներկայացվեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մասնաշենք, սենյակ 306): Հեռախոս` 060 710 083:
Մրցույթի համար ստեղծվել է ժյուրի, որի կազմում ընդգրկված են գիտնականներ և փորձագետներ: Ժյուրիի անդամներն են՝
Գեղամ Պետրոսյան – ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Ալեքսանդր Մարգարով – ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Ժակ Մանուկյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Գևորգ Հարությունյան – պատմական գիտությունների թեկնածու:
Արամ Սաֆարյան – ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Մրցույթի հաղթողների համար սահմանված են հետևյալ մրցանակները.
- առաջին կարգի մեկ մրցանակ,
- երկրորդ կարգի երկու մրցանակ,
- երրորդ կարգի երեք մրցանակ,
- խրախուսական մրցանակներ:
Մրցույթի հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ (նոութբուքներ, բջջային հեռախոսներ, ականջակալներ): Հաղթողներին և լավագույնը ճանաչված մասնակիցներին կհանձնվեն դիպլոմներ Երևանի պետական համալսարանի ռեկտորի և Մոսկվայի հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրենի ստորագրությամբ:
Դիպլոմները և մրցանակները կհանձնվեն ս.թ. մայիսի 25-ին «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություն-2023. նպատակներ և արժեքներ: Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման գործում» միջազգային կոնֆերանսի լիագումար նիստում, որը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում:
Հարցերի դեպքում կապ հաստատել կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյանի հետ (հեռախոս` 096 911 991):