ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ Արմեն Կոստանյանի գիտական հոդվածը ս․թ․ մարտին տպագրվել է «Pattern Recognition and Image Analysis» միջազգային ճանաչում ունեցող ամսագրում:
Ամսագրի թեմատիկ ընդգրկման առանցքում են կանոնավորությունների ճանաչման խնդիրները, մասնավորապես վիզուալ տեղեկատվության մեկնաբանությունը։ Լինելով միջազգային լավագույն պարբերականներից մեկը պատկերների վերլուծության և կանոնավորությունների բացահայտման բնագավառում՝ այն համակարգում է ոչ հստակ խնդիրների լուծման տարբեր մոտեցումներ:
Արմեն Կոստանյանի «Algorithms for matching strings with fuzzy context free and automata patterns» վերտառությամբ հոդվածը նվիրված է ոչ հստակ քերականությանը՝ հստակ տողի պատկանելության չափի որոշման խնդրին։ Ստացված արդյունքները կարող են կիրառվել տողերի ոչ հստակ կանոնավորության որոշման, ոչ հստակ նախատիպերի հիման վրա ԴՆԹ հաջորդականությունների դասակարգման, բնական լեզուների վերլուծության և այլ բնագավառներում։
Ա․ Կոստանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է ստացել 1997 թ․, իսկ դոցենտի գիտական աստիճան՝ 2006 թ․։ Նա հեղինակ է շուրջ 30 գիտական հոդվածի (այդ թվում՝ «Fundamenta Infomaticae» և «Springer» ամսագրերում զետեղված), մասնակցել է միջազգային հեղինակավոր գիտաժողովների։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում են հաշվողական համակարգերի վերլուծությունն ու նախագծումը, տողերի ոչ հստակ վերլուծությունը, կանխատեսմամբ հաշվումները անորոշության պայմաններում: