ՏՏԿՀ կենտրոնում անցկացվեց ««Fuzzy» համատեքստով ազատ և ավտոմատ ձևերով տողերը համապատասխանող ալգորիթմներ» խորագրով սեմինարը, որն անցկացրեց Տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Արմեն Կոստանյանը:
Սեմինարի առանցքում էր Արմեն Կոստանյանի հեղինակած գիտական հոդվածի տպագրությունը «Pattern Recognition and Image Analysis» միջազգային ճանաչում ունեցող ամսագրում, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց գործընկերների և ուսանողների շրջանում:
Սեմինարին ներկա էին պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավար, ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ․, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը, ՏՏԿՀ կենտրոնի գործադիր տնօրեն, տ.գ.թ. Արթուր Ավագյանը, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մանուկ Մանուկյանը, ինչպես նաև ուսանողներ:
Ա. Կոստանյանը սեմինարի շրջանակում ներկայացրեց իր գիտական հետազոտության արդյունքները: Հետազոտությունը նվիրված էր ոչ հստակ քերականությանը՝ հստակ տողի պատկանելության չափի որոշման խնդրին։ Ստացված արդյունքները կարող են կիրառվել տողերի ոչ հստակ կանոնավորության որոշման, ոչ հստակ նախատիպերի հիման վրա ԴՆԹ հաջորդականությունների դասակարգման, բնական լեզուների վերլուծության և այլ բնագավառներում։
Սեմինարն ընթացավ բուռն քննարկումներով՝ հարցուպատասխանի ձևաչափով: Շնորհակալական խոսքով հանդես եկավ կենտրոնի գիտական ղեկավար Ս. Շուքուրյանը: