Երևանի պետական համալսարանի և Ինեկոբանկի համագործակցության շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին անցկացվեց հանդիպում Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի ուսանողների համար բանկի ներկայացուցիչների հետ և շրջայց Ինեկոբանկի գլախամասում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների համար։
Ուսանողները հանդիպման շրջանակում հնարավորություն ունեցան մեկ դաս անցկացնելու բանկի Մանրածախ վարկային ռիսկերի բաժնի ղեկավար Վարշամ Ոսկանյանի և Գործատուի բրենդի կառավարման բաժնի ղեկավար Էլինա Ստեփանյանի հետ։
«Բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման մեջ» թեմայով դասախոսության շրջանակում Վարշամը ներկայացրեց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու միջոցները, Կենտրոնական բանկի և բանկերի դերը տնտեսության մեջ, բանկային գործունեության հետ կապված ռիսկերը և Բանկի կողմից առաջարկվող ծառայությունները։ Ուսանողները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալ Ինեկոբանկում կարիերայի ստեղծման հնարավորություններին։
Շրջայցի ընթացքում ուսանողների դասը անցկացվեց բանկի գլխամասում, որտեղ Ռիսկերի վերլուծությունների և կառավարման բաժնի ղեկավար Շարանբեկյան Արմինեն ներկայացրեց բանկային ռիսկերի կառավարման թեման, որն ամփոփվեց Ուսանողների կողմից հետաքրքիր հարցերով։
Նշենք, որ ԵՊՀ-ն կարևորում է ներկայումս զարգացող բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությունը, քանի որ համալսարանի կողմից տրամադրված որոկյալ մասնագետները, ովքեր հատկապես խորը մաթեմատիկական գիտելիքներ ունեն, ոլորտում լուրջ ձեռքբերումներ են գրանցում։