Երևանի պետական համալսարանի և Կոնվերս բանկի համագործակցության շրջանակում ս․թ․ մարտի 18-ին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» կրթական ծրագրի ուսանողները և ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանն այցելեցին բանկի օժանդակող գրասենյակ։
Այցի շրջանակում ուսանողներին ներկայացվեցին բանկային ոլորտում աշխատանքի առանձնահատկությունները և կարիերայի ստեղծման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում բանկի վաճառքի ուղիների զարգացման բաժնի պետ Անի Սիմոնյանը ներկայացրեց «Converse Mobile» հավելվածի հնարավորությունները և առավելությունները։
Հանդիպմանը բանկի ռիսկերի կառավարման վարչության պետ Վահե Գևորգյանն ուսանողներին ներկայացրեց ռիսկերի կառավարման գործընթացը և դրա կարևորությունը բանկային ոլորտում։
Կոնվերս բանկի ռազմավարության և վերլուծության բաժնի պետ Արեգ Սարգսյանը ներկայացրեց բանկային գործը, ոլորտում աշխատանքի հեռանկարները, տեսական գիտելիքների գործնական կիրառման հմտությունների և ռազմավարական պլանների կարևորությունը, վերջիններիս կիրառելիությունը ճգնաժամային իրավիճակներում։
Բանախոսները նաև պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես աշխատանքի ճիշտ ընտրությանը, այնպես էլ մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման հնարավոր տարբերակներին։
Ուսանողները շրջեցին բանկի տարբեր բաժիններում, ծանոթացան դրանց աշխատանքին, ինչպես նաև ստացան հուշանվերներ և հատուկ անակնկալ բանկի կողմից։
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի և Կոնվերս բանկի միջև 2023 թվականին կնքվել է համագործակցության համաձայնագիր, որը միտված է միավորելու երկու կառույցների ջանքերը ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման, կրթական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու համար:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ հաստատված համագործակցության և ստորագրված համաձայնագրի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն ստանալու պրակտիկայի, իսկ լավագույնները՝ Կոնվերս բանկում աշխատանքի անցնելու հնարավորություն։