ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում և Քիմիայի ֆակուլտետում կատարվող գիտական հետազոտությունների ներկայացման նպատակով այս տարի առաջին անգամ անցկացվեց միջֆակուլտետային գիտաժողով, որի շրջանակում գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողները և դասախոսները հանդես եկան զեկուցումներով։

Գիտաժողովի նպատակն էր ստեղծել գիտական մտքերի փոխանակման հարթակ՝ մեծացնելով գիտության նկատմամբ հետաքրքրությունը:
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, մատնանշելով այսօրինակ գիտաժողովների անցկացման նպատակները, ընդգծեց. «Նպատակ ունենք այսպիսի գիտաժողովները դարձնելու շարունակական և պարտադիր ԵՊՀ գիտական բոլոր ստորաբաժանումների համար, որպեսզի ներհամակարգային մի քանի քննարկումներն այնուհետև ամփոփվեն մեկ միասնական՝ համալսարանական գիտաժողովի շրջանակում»:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ք.գ.թ, դոցենտ Աննա Մկրտչյանը նշեց, որ գիտաժողովը կազմակերպվել է՝ նպատակ ունենալով ակտիվացնելու գիտական կյանքը, ամփոփելու հետազոտությունները, չսահմանափակվելու միայն լաբորատորիաներում կատարվող աշխատանքներով, այլ փոխանակվելու նոր գաղափարներով:
Առաջին անգամ կազմակերպվող այս գիտաժողովն այսուհետ կանցկացվի պարբերաբար՝ յուրաքանչյուր տարի:

Մինչ այս Ֆարմացիայի ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներն իրենց հետազոտությունների արդյունքներն էին ներկայացրել գիտական սեմինարների ժամանակ։
Իսկ այս գիտաժողովին ներկայացվեցին 9 զեկուցումներ՝ տարբեր թեմաներով՝ ամինաթթուների սինթեզից մինչև կենցաղային ջրերում ֆտորի քանակության որոշում։ Հետազոտությունները կատարվել են գիտական դրամաշնորհների շրջանակում։ Որոշ արդյունքներ արդեն տպագրվել են գիտական ամսագրերում, մի քանիսն էլ պատրաստվում են տպագրության:
Նշենք, որ ապրիլի առաջին կեսին կկազմակերպվի նաև համալսարանական գիտական ընդհանուր ժողով, որին զեկուցումներով կներկայանան գիտության տարբեր ոլորտների մասնագետներ: