Ս.թ. նոյեմբերի 10-ին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի ունեցավ Սոցիալական մանկավարժի միջազգային օրվան նվիրված «Ես սոցիալական մանկավարժ եմ» խորագրով միջոցառումը։
ԵՊՀ ՄԿԶԿ տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը շնորհավորեց ուսանողներին մասնագիտական տոնի առթիվ՝ հավաստիացնելով, որ սոցիալական մանկավարժի բարձր ու պատվաբեր մասնագիտությունը մանկավարժական առաքելություն է, որն ուղղված է երեխայի երջանկությանը, սոցիալականացման խոչընդոտների վերացմանը, հոգեհուզական, վարքային խնդիրների շտկմանն ու կարգավորմանը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Սոցիալական մանկավարժություն» բակալավրիատական կրթական ծրագրի առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը։ Չորրորդ կուրսի ուսանողները վզկապներ և խորհրդանշական շքանշաններ նվիրեցին առաջինկուրսեցիներին։ Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց սոցիալական մանկավարժության վերաբերյալ ուսանողների պատրաստած զեկուցումների և սահկաշարերի ներկայացումը։
Իրենց ելույթներում ուսանողները բարձրաձայնեցին սոցիալ-մանկավարժական տարբեր հիմնախնդիրներ՝ կարևորելով սոցիալական մանկավարժի դերակատարությունը երեխայի հետ տարվող աշխատանքներում։