ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում մեկնարկեց «Արտթերապիայի բազային հիմունքները» խորագրով վերապատրաստման դասընթաց Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի աշխատակիցների համար։
Վերապատրաստող մասնագետը ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ, մանկ․ գիտ․ թեկնածու Լուսինե Հայրապետյանն էր: Նա երկարամյա փորձ ունի ոլորտում, տեղական և միջազգային հանդեսներում տպագրված գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նաև անցել է մասնագիտական համապատասխան միջազգային վերապատրաստումներ։
Ներկաներին տեսասահիկների միջոցով ներկայացվեցին արտթերապիայի պատմությունը, զարգացման արդի ուղղությունները: Այնուհետև տեսանյութերի միջոցով բանախոսը ներկայացրեց իր ուսանողների աշխատանքները համապատասխան արտտեխնոլոգիաներով։
Վերապատրաստման դասընթացի շրջանակում մասնակիցները սովորեցին կիրառական արտտեխոլոգիաներ՝ թանաքակաթիլային տեխնոլոգիա, մի քանի պլաստիլինային, նկարչաթերապևտիկ տեխնոլոգիաներ, ինչպես նաև քննարկեցին դրանց կիրառական նշանակությունն ու առանձնահատկությունները, իրականացման նպատակահարմարությունը՝ կախված երեխայի զարգացման խնդրից։ Լ․ Հայրապետյանն անդրադարձավ նաև արտտեխնոլոգիաների դերին սոցիալ-մանկավարժական, շտկողավերականգնողական, ախտորոշիչ աշխատանքներում։
ԵՊՀ ՄԿԶԿ և Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի միջև ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում անցկացվող վերապատրաստումները կլինեն շարունակական: