ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի գերխիտ աստղերի ֆիզիկայի գիտական լաբորատորիայում գիտնականները կատարում են բազմաթիվ հետազոտություններ: Գիտաշխատողները ստացված արդյունքների մասին պարբերաբար հոդվածներ են տպագրում բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում, ինչպես նաև պատրաստում զեկուցումներ՝ հետազոտության արդյունքները ներկայացնելով միջազգային գիտաժողովների ժամանակ:
Գերխիտ աստղերի ֆիզիկայի գիտական լաբորատորիայում կատարվում են գերխիտ նյութի վիճակի հավասարման ուսումնասիրություններ և դրանց հիման վրա աստղաֆիզիկական օբյեկտների պարամետրերի հաշվարկներ: Աստղի կառուցվածքը, զանգվածը, շառավիղը և բազմաթիվ այլ պարամետրեր կարելի է պարզել, երբ հայտնի է, թե այն ինչ հատկանիշներով է օժտված: Լաբորատորիայի գիտաշխատողները (Գևորգ Հաջյան, Գրիգոր Ալավերդյան, Հասմիկ Շահինյան, Անի Ալավերդյան) ուսումնասիրում են գերխիտ նյութի ջերմադինամիկական հատկությունները և դրանց հիման վրա հաշվարկում աստղի կառուցվածքը:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Գրիգոր Ալավերդյանը մասնակցել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում անցկացված «Գրավիտացիա, աստղաֆիզիկա և տիեզերագիտություն» միջազգային 2-րդ գագաթնաժողովին («2nd International Summit on Gravitation, Astrophysics and Cosmology» (ISGAC2024))։ Նա գիտաժողովին հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով գիտական խմբի կատարած հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա պատրաստած իր աշխատանքը:
Գրիգոր Ալավերդյանի հետ զրուցել ենք մարտի 18-20-ը Իտալիայում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի կարևորության, ընտրված խորագրի, ինչպես նաև ԵՊՀ գիտական լաբորատորիայում կատարած հետազոտությունների մանրամասների մասին: Դոցենտը գիտաժողովին զեկուցում է ներկայացրել տաք գերխիտ հադրոնային և քվարկային աստղանյութի հատկությունների մասին, գիտական կարևոր քննարկումներ ունեցել գիտնականների հետ:
- Պարո՛ն Ալավերդյան, ինչպե՞ս ստացաք հենց այս թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցելու հրավեր:
- Մեր գիտական խմբի կատարած հետազոտությունների արդյունքների մասին պարբերաբար հոդվածներ են տպագրվում Եվրոպայում լույս տեսնող բարձր վարկանիշ ունեցող «Symmetry» ամսագրում, ինչպես նաև մի շարք տարբեր պարբերականներում:
Գիտաժողովի կազմակերպիչները տեսել են այս թեմայով հրապարակված իմ գիտահետազոտական աշխատանքները և հրավիրել՝ մասնակցելու գիտաժողովին:
Գիտաժողովին ներկա էին 12 երկրներից մասնագետներ, գիտնականներ։ Ի դեպ, Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ Սուրեն Պողոսյանը, ԵՊՀ շրջանավարտ է, որի հետ ծանոթացա այս գիտաժողովի ժամանակ (նրան կուղարկենք նաև ԵՊՀ շրջանավարտների ցանցին անդամակցության հրավեր)։
- Կպատմե՞ք Ձեր ներկայացրած զեկուցման մասին, ի՞նչ հետազոտություն եք կատարել:
- Միջազգային գիտաժողովի թեմատիկան հետևյալն էր՝ ձգողականության տեսություն, աստղաֆիզիկա, տիեզերաբանություն. թեմաները բաշխված էին՝ ըստ այս ասպարեզների: «Ջերմ, բետտա-հավասարակշիռ հադրոնային նյութի և քվարկային նյութի թերմոդինամիկական հատկությունները նեյտրինո-թակարդման ռեժիմում» («Thermodynamic Properties of Hot Beta-Equilibrium Hadronic and Quark Matter in the Neutrino-Trapped Regime») թեմայով իմ զեկուցումը վերաբերում էր աստղաֆիզիկային՝ նեյտրոնային աստղերի ֆիզիկային: Նեյտրոնային աստղերը գերխիտ աստղեր են, որոնց կենտրոնում նյութի խտությունը այնքան է մեծանում, որ միջուկները իրար են խառնվում և վերանում: Ավելի մեծ խտությունների դեպքում նուկլոնները ևս միախառնվում են, և նրանց բովանդակության կազմում առկա մասնիկները, որոնք կոչվում են քվարկներ, ազատականացվում են, և արդյունքում առաջանում է քվարկային նյութ: Սակայն հարց է առաջանում․ բնության մեջ գոյություն ունի՞ քվարկային նյութ: Բանն այն է, որ երկրային լաբորատոր պայմաններում այդպիսի գերխիտ նյութ ստանալը, ինչպես նաև երկարաժամկետ ուսումնասիրությունը, անհնար է: Երկրային պայմաններում նման հարցի պատասխան կարելի է ստանալ շատ կարճատև բախումների ժամանակ: Մեծ էներգիայի ծանր իոնների բախման ժամանակ հարյուրավոր նուկլոնների բախումից կարճ ժամանակահատվածում կարող է առաջանալ այդպիսի խիտ և տաք նյութ, և նուկլոնների բաղադրամասնիկ քվարկները կարող են ազատականացվել: Քվարկային նյութի գոյության մասին տեղեկություններ ստանալու մեկ այլ հնարավորություն է կոմպակտ աստղերի կառուցվածքի և դիտողական դրսևորումների ուսումնասիրությունը:
Զեկուցման շրջանակում ներկայացրել եմ սովորական, ատոմամոլեկուլային կազմություն ունեցող նյութի կառուցվածքի վերաբերյալ այժմ հայտնի պատկերացումը, ինչպես նաև այն, թե այդ նյութն ինչպիսին կարող է դառնալ մեծ խտությունների դեպքում:
- Ի՞նչ արձագանքներ ստացավ Ձեր աշխատանքը:
- Նախ նշեմ, որ գիտությամբ զբաղվող, ոլորտի խնդիրներին ծանոթ գիտնականների հետ շփման արդյունքում, անկասկած, նոր գաղափարներ ծնվեցին: Զեկուցումս բավականին լավ ընդունվեց․ ելույթիս հաջորդեցին հարցուպատասխան և ակտիվ քննարկումներ: Ինձ մի քանի օր առաջ տեղեկացրին, որ բանակցություններ են վարում գիտաժողովի նյութերը հրապարակելու ուղղությամբ: Տպագրության է նախատեսված նաև իմ աշխատանքը:
- Պարո՛ն Ալավերդյան, ինչո՞վ էր տարբերվում միջազգային այս գիտաժողովը մյուսներից:
- Խորհրդային տարիներից մասնակցել եմ տարբեր երկրներում անցկացված գիտաժողովների, և յուրաքանչյուր երկրում անցկացված գիտաժողովը յուրովի է տվյալ երկրին, մշակութային արժեքներին ծանոթանալու տեսանկյունից: Գիտական զեկուցումներից հետո մենք հնարավորություն ունեցանք նաև թանգարաններ այցելելու, ինչը, գիտական շփումներից զատ, նույնպես շատ կարևոր է: Իհարկե, ժամանակ գտնվեց նաև Ֆլորենցիայի հայտնի թանգարաններում և պատկերասրահներում լինելու համար: Տպավորիչ էր Գալիլեո Գալիլեյի գիտական թանգարանը, որտեղ ցուցադրվում էին այն ժամանակներում ստեղծված լաբորատոր հետազոտության սարքերը: Այստեղ ցուցադրվող 1457-1459 թթ․ աշխարհի քարտեզի վրա գտա մեր երկիրը:
- Բավական երկար ժամանակ է, ինչ աշխատում եք ԵՊՀ-ում։ Ի՞նչն է Ձեզ պահում այստեղ:
- Ես՝ որպես ուսանող, մտել եմ ԵՊՀ և դուրս չեմ եկել․ ինչո՞ւ, չգիտեմ, անբացատրելի է … Հավանաբար, կրթական ոլորտի հանդեպ սերն ու հետաքրքրությունը, վարպետությունը ժառանգել եմ ծնողներիցս. հայրս եղել է ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ: Պատահական չէ, որ երեք եղբայրներով ավարտել ենք ԵՊՀ-ն և երեքս էլ մնացել ենք համալսարանում ...
Նշենք, որ ԵՊՀ-ն գործուն քայլեր է ձեռնարկում՝ վերանորոգելով, կահավորելով և անհրաժեշտ սարքավորումներով վերազինելով լաբորատորիաները, որոնց պարբերաբար անդրադառնում ենք: