Երևանի պետական համալսարանի անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտ Ապրեսյանը փորձի փոխանակման շրջանակներում հունվարի 19-23-ը այցելեց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ(ՄՀՄՊԻ)՝ ծանոթանալու համալսարանի օտար լեզուների դասավանդման մոտեցումներին։
Աշխատանքային սեմինարի շրջանակներում լեզվի ամբիոնների վարիչները խոսեցին լեզվի ուսուցման համակարգի առանձնահատկությունների մասին։
Լեզվի ուսուցման վարչության փոխտնօրեն Օ.Մ. Կոչկինան խոսեց ՄՀՄՊԻ-ի շրջանավարտի լեզվական հմտությունների հիմնական բաղադրիչների մասին, ներկայացրեց մասնագիտական լեզվի ուսուցման հիմնական ուղղությունները:
Անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ Դ.Ա. Կրյաչկովը կիսվեց ՄՀՄՊԻ-ի մասնագիտական ուղղվածություն ունեցող կրթության կազմակերպման փորձով: Ուսումնական գործընթացը կառուցելիս լեզվի ամբիոնները համատեղում են մասնագիտական լեզվի դասավանդման ավանդական և նորարարական, ինտեգրված մոտեցումները՝ հիմնված համապատասխան, մասնագիտացված նյութերի վրա:
Մեթոդական սեմինարի ընթացքում գերմաներենի օրինակով դիտարկվեց «Իրավագիտություն» մասնագիտությունն ընտրած ուսանողների մասնագիտական ուղղվածության ուսուցման մոդելը։ Գերմաներեն լեզվի ամբիոնի դոցենտ Ե.Վ. Սավանկովան ներկայացրեց օտարալեզու մասնագիտական կարողությունների ձևավորման բազմաստիճան համակարգը, ինչպես նաև ներկայացրեց առաջատար պրակտիկ դասախոսների կողմից մշակված կրթական և մեթոդական համալիր, որը թույլ է տալիս պատրաստել միջազգայնագետներ։
Օտար լեզուների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ե.Դ. Մարինան կիսվեց լրացուցիչ կրթության համար լեզվական ծրագրերի իրականացման իր փորձով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի պետական համալսարանում գործում է գործունեությամբ համանման կենտրոն, գործընկերները քննարկել են ուսանողների համար լեզվի կամընտրական պարապմունքներ կազմակերպելու մոտեցումները։
Երևանի պետական համալսարանի անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչն իր հերթին խոսեց համալսարանում օտար լեզուների ուսուցման առանձնահատկությունների, այդ թվում՝ մասնագիտական նպատակներով անգլերենի ուսուցման մեթոդների մասին։ Բացի այդ, Մ. Հ. Ապրեսյանը և լեզվի ուսուցման վարչության առաջատար մասնագետ Ֆ.Ռ. Գաֆարովը քննարկեցին «Բանասիրական գիտությունները ՄՀՄՊԻ-ում» ամսագրի և Երևանի պետական համալսարանի կողմից հրատարակվող «Օտար լեզուները մասնագիտական նպատակների համար/FLSP/» ամսագրի համագործակցության ուղիները, գիտական հոդվածների ձևավորման և բովանդակության պահանջների առանձնահատկությունները, գիտական ամսագրերի զարգացման ռազմավարություններ:
Մարգարիտա Ապրեսյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին կառուցողական և արդյունավետ փոխգործակցության համար և հրավիրեց ՄՀՄՊԻ-ի լեզվական ամբիոնների դասախոսներին համագործակցելու որպես ամսագրի հոդվածների հեղինակներ և գրախոսներ:
https://mgimo.ru/about/news/departments/obmen-opytom-s-egu/
Հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին հետագայում ևս համագործակցելու ակադեմիական և գիտական ոլորտներում: