Английский язык и литература
Магистерская программа
Ծրագրի մասին
«Անգլերեն և գրականություն» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Անգլիական բանասիրության ամբիոնում, առկա ուսուցմամբ:
«Անգլերեն և գրականություն» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է երկու տարի տևողությամբ, ուսման վարձի չափը 800 000 ՀՀ դրամ է, շնորհվող որակավորումը՝ բանասիրության մագիստրոս:
Ընդունելության պահանջները
Առաջին փուլով առկա ուսուցման ձևով անվճար և վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի՝ նույն մասնագիտությամբ (կրթական ծրագրի) վերջին երեք ուսումնական տարվա շրջանավարտները: Վերջիններիս ընդունելությունը կատարվում է ամփոփիչ ատեստավորման գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա (դիմորդների՝ հավասար ՄՈԳ ունենալու դեպքում հաշվի են առնվում գերազանցության դիպլոմի առկայությունը և ամփոփիչ ատեստավորման արդյունքները):
Երկրորդ փուլով ընդունելությունը կատարվում է երկու ենթափուլով և միայն վճարովի ուսուցման համակարգում: Այս փուլի ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ և պետական այլ՝ ըստ մասնագիտությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրատուրայի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները: Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով՝ քննության արդյունքների հիման վրա։
Ծրագրի նպատակը
Ծրագիրը նպատակադրված է զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ տրամադրելով խորացված ուսուցում անգլիական բանասիրության ոլորտում, տրամադրելու տեսական խոր գիտելիք` լեզվաբանության ժամանակակից մեթոդները, հիմնախնդիրները և եղանակները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար, ինչպես նաև խթանելու ուսանողների քննադատական մտածողությունը, տեսական և պրակտիկ գիտելիքները համադրելու կարողությունը, որը հնարավորություն կտա մասնագիտական գործունեություն ծավալելու հասարակական կյանքի բազմազան ոլորտներում:
Առավելությունները
Ծրագրի մրցակցային առավելություններից է անգլերենով բազմազան նոր գիտակարգերի (գործառական ոճագիտություն, գործաբանական լեզվաբանություն, տեքստի մեկնաբանություն, զուգադրական լեզվաբանագիտություն, իմաստաբանություն) ուսուցման կարևորումը: Կրթական սույն ծրագրի իրականացման գործընթացում զարգացվում է բանասիրությանն առնչվող մասնագիտական հենքը, կարևորվում են ոչ միայն բանասիրության բնագավառում կիրառվող տեսագործնական մոտեցումները, այլև հասարակական կյանքի տարբեր ոլորտներին առնչվող գործնական գիտելիքներն ու հմտությունները: Կարևորվում և խրախուսվում են նաև քննադատական և վերլուծական հմտությունները, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են աշխատանքային հետագա գործունեության համար: Սա նշանակում է, որ բանասիրության տեսությանն առնչվող հիմնախնդիրներից բացի՝ խիստ կարևորվում է նաև հասարակական գործունեության դաշտում (կրթություն, մեդիա, գործարար ոլորտներ, տուրիզմ և այլն) գործնական շփման ունակությունների զարգացումը:
Կարիերայի հնարավորությունները
«Անգլերեն և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բարձրագույն կրթության և տնտեսության այն բոլոր ոլորտներում, որտեղ պահանջվում անգլերենի իմացություն, և զբաղեցնել հետևյալ պաշտոնները՝ թարգմանիչ, մենեջեր, էքսկուրսավար, կրտսեր գիտաշխատող, մամուլի քարտուղար, խմբագիր: Հնարավոր աշխատավայրերն են՝ միջազգային կազմակերպություններ, կրթական և հետազոտական պետական ու մասնավոր հիմնարկներ, բանկեր, տուրիստական գործակալություններ, թանգարաններ:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու ասպիրանտուրայում և համապատասխան վերապատրաստումներից հետո դասավանդելու բարձրագույն ուսումնական հաստատություններում: