ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գիտամանկավարժական գործունեության 40 և ծննդյան 65-ամյակի առթիվ ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Ակսել Պոտոսյանին պարգևատրեց ԵՊՀ ոսկե մեդալով։
Ակսել Պոտոսյանը Հայաստանում սոցիալ-տնտեսական աշխարհագրության լավագույն մասնագետներից է։ 40 տարվա գիտամանկավարժական գործունեության ընթացքում նա զբաղվել է լեռնային երկրների բնակչության ու բնակավայրերի, տարաբնակեցման, ուրբանացման, ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրների հետազոտությամբ։ Նա մշակել է լեռնային երկրներում գյուղական տարածքների ու գյուղական տարաբնակեցման աշխարհագրական հետազոտման տեսամեթոդական հիմնահարցերը։
Ա․ Պոտոսյանը բազմիցս մասնակցել է գիտաժողովների, նա հեղինակ է երեք և համահեղինակ երկու մենագրության, հրատարակել է 110 գիտական հոդվածներ ու թեմատիկ քարտեզներ։
Մեծ է դոցենտի դերը աշխարհագետ-գիտնականների պատրաստման գործում։ Նա մշակել է բակալավրական ու մագիստրոսական կրթական ծրագրերի նոր դասընթացներ, որոնք այժմ դասավանդվում են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։
Ա․ Պոտոսյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանում դպրոցական աշխարհագրության զարգացման գործում։ Նա ավագ դպրոցի աշխարհագրության 10, 11 և 12-րդ դասարանների և կրթական նոր չափորոշիչներին համապատասխանող «Աշխարհագրության» 7-րդ դասարանի դասագրքերի համահեղինակներից է։
«Ակսել Պոտոսյանի ընտրած ուղին կրթելու, դաստիարակելու և հետազոտելու մասին է, որը նա անցնում է արժեքային բարձր հատկանիշներով ու մեծ պատասխանատվությամբ։ Նրա մանկավարժական ու գիտական արդյունավետ գործունեության, երիտասարդ հետազոտողներին աջակցելու պատրաստակամության, ուսանողների մասնագիտական աճի հանդեպ հոգածության շնորհիվ բազմաթիվ արհեստավարժ ու որակյալ մասնագետներ համալրել ու շարունակում են համալրել մասնագիտական ոլորտը»,- իր խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։