ԵՊՀ և Բոլոնիայի համալսարանի միջև համագործակցության շրջանակում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Դ․ Գազարովան հրավեր է ստացել այցելելու Բոլոնիայի համալսարան։ Այցի ժամանակ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Դ․ Գազարովան դասախոսություններ է կարդացել Իտալիայի Բոլոնիայի համալսարանի ուսանողների համար։
«Ռուսերենը ժամանակակից Հայաստանի սոցիոլեզվաբանական իրադրության համատեքստում» և «Ռուս էմիգրացիայի լեզու՝ Սերգեյ Դովլաթով» թեմաներով դասախոսությունները կազմակերպվել էին Բոլոնիայի համալսարանի ժամանակակից լեզուների, գրականությունների և մշակույթների ֆակուլտետի մագիստրոսների համար։ Բանախոսը ներկայացրել է նաև ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի կողմից իրականացվող կրթական (ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման կարճաժամկետ և երկարաժամկետ) ծրագրերը` նախատեսված օտարերկրյա ուսանողների համար։
Գործուղման շրջանակում Դ․ Գազարովան այցելել է նաև Ֆոռլի քաղաք` Թարգմանիչների բարձրագույն դպրոցի ղեկավարության և դասախոսական կազմի հետ հանդիպման նպատակով։ Այցի ժամանակ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն` ԵՊՀ, Բոլոնիայի համալսարանի և Թարգմանիչների բարձրագույն դպրոցի (Ֆորլի) համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են նաև ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերին արտերկրի ուսանողների մասնակցությանը վերաբերող հարցեր։