ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար դասախոսություն կարդաց Ռուժոմբերոկի կաթոլիկ համալսարանի (Սլովակիա) մանկավարժական ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի դոցենտ Դրագոմիրա Սաբոլովան։
Դասախոսությունը միջլեզվական համանունների մասին էր։ Դրագոմիրա Սաբոլովան զուգահեռներ անցկացրեց ռուսերենի, սլովակերենի և չեխերենի միջև՝ որպես օրինակ բերելով այդ լեզուներում այսպես կոչված «թարգմանչի կեղծ ընկերներ» բառերը։ Դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ֆակուլտետի այն ուսանողների շրջանում, որոնք ուսումնասիրում են չեխերեն (ֆակուլտետի ուսանողները ունեն նաև դասընթաց՝ «Ժամանակակից սլավոնական լեզուներ», որի շրջանակում էլ անցնում են չեխերեն։) Այդ խմբի ուսանողները ակտիվ մասնակցեցին դասախոսությանը՝ վերջում իրենց հետաքրքրող հարցերն ուղղելով բանախոսին։
Նշենք, որ հրավիրյալ դասախոսը Հայաստանում է «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում։ Դ․ Սաբոլովան Սլովակիայում դասավանդում է «Ռուսերենը՝ որպես օտար լեզու» դասընթացը։ Ըստ նրա՝ իր համար էլ հետաքրքիր էր դասախոսություն կարդալ ռուսերենի ապագա մասնագետների համար։
Դասախոսը վստահություն հայտնեց, որ փոխադարձ այցելությունները կարևոր դեր ունեն փորձի փոխանակման տեսակետից։