«Արտ-թերապիան երեխաների հետ սոցիալական աշխատանքում» դասընթացը ԵՊՀ «Սոցիալական աշխատանք» բակալավրի կրթական ծրագրի շրջանակում դասավանդվում է 2016 թվականից:
Արվեստի միջոցով անցկացվող թերապիան մեծ տարածում է գտել մարդկանց աջակցություն ցուցաբերող մասնագիտություններում, հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխաների հետ աշխատանքում: Այն կարգավորում է երեխայի ներաշխարհը և ապահովում ներդաշնակ ինտեգրումը սոցիալական միջավայրին, որտեղ հավասարապես կարևոր են զգացմունքն ու միտքը, մարմինն ու հոգին:
Դասընթացը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում: Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, դասախոս Լիանա Մկրտչյանի դասախոսությունների շրջանակում սովորողները հնարավորություն են ստանում լսարանում փորձարկելու նկարչաթերապիայի, հեքիաթաթերապիայի, դիմակաթերապիայի, դրամաթերապիայի, ավազաթերապիայի, երաժշտաթերապիայի, ֆոտոթերապիայի և խաղաթերապիայի տարբեր մեթոդները: