Ս.թ. հոկտեմբերի 17-ին կայացավ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի կողմից իրականացվող «Համայնքային սոցիալական աշխատանք» հատուկ ուսումնական դասընթացի հերթական խմբի մասնակիցների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Դասընթացի շրջանակում ԵՊՀ մասնագետները մասնակիցների համար անցանց և առցանց տարբերակներով անց են կացրել սուպերվիզիայի հանդիպումներ, որոնց նպատակն է եղել պրակտիկ խորհրդատվություն տրամադրելու միջոցով աջակցել համայնքային սոցիալական աշխատողներին սոցիալական բարդ դեպքերի և մասնագիտական գործունեության ընթացքում ծագած այլ խնդիրների լուծման հարցում:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև այցելելու սոցիալական պաշտպանության ոլորտում գործող ծառայություններ, ծանոթանալու ծառայությունների գործունեությանը և համագործակցության ընթացակարգերին:
Դասընթացն անցկացվել է ԱՄՆ ՄԶԳ, «Վորլդ Վիժն Հայաստան», «Մանկական զարգացման հիմնադրամ» կազմակերպությունների և «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի գործուն աջակցությամբ:
«Համայնքային սոցիալական աշխատանք» դասընթացին մասնակցել են ՀՀ Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Արարատի, Վայոց ձորի մարզերի 26 համայնքային ծառայողներ, որոնք զբաղեցնում են սոցիալական աշխատողի հաստիք կամ իրականացնում են սոցիալական աշխատողի գործառույթներ: