ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ուսանող Մոնիկա Մելյանի համար պրակտիկան ՀՀ առաջատար բանկերից մեկում՝ ԱրարատԲանկի հասարակայնության հետ կապերի բաժնում, առանձնահատուկ փորձառություն էր, բուհում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու եզակի հնարավորություն:
«Բանկ մտնելուն պես դարձա կարևոր սոցիալական ծրագրի քննարկման մասնակից։ Հանդիպումը «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ էր։ Նրանք պատմում էին ՀԿ-ի գործունեության, իրականացված ծրագրերի ու արդյունքների մասին։ Ինձ համար առանձնահատուկ կարևոր էին այն չափանիշները, որոնցով բանկի աշխատանքային խումբն առաջնորդվում էր որոշում կայացնելիս», - պատմեց Մոնիկա Մելյանը։
Հատկանշական է, որ պրակտիկայի ընթացքում Մոնիկային առաջնորդել և ուղղորդել է ԱրարատԲանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը, որը նույն բաժնի՝ «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է և ֆակուլտետի նախորդ տարվա լավագույն ուսանողներից մեկը։
«Առաջին իսկ օրվանից Մոնիկան ներգրավվեց արտաքին, ներքին հաղորդակցության ու սոցիալական ծրագրերի գործընթացների՝ իր համար անսովոր ռիթմի մեջ: Կարճ ժամանակում Մոնիկային հնարավորություն ընձեռվեց մասնակցելու բանկի տարատեսակ միջոցառումներին և ծրագրերին ու գործնականում կիրառելու գիտելիքները, որոնք նա ձեռք էր բերել ԵՊՀ-ում սովորելու ընթացքում»,- նշեց Աննա Ալլահվերդյանը։
Արտաքին հաղորդակցություն․ արտաքին փաթեթավորումից զատ՝ կարևոր է բովանդակությունը ճիշտ տեղ հասցնելը
Մարտի 6-ին «Մեդիամաքս» մեդիա ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրով առաջին՝ «Robust Armenia» կոնֆերանսին մասնակցության հնարավորություն ընձեռվեց ԵՊՀ ուսանող Մոնիկա Մելյանին, որը գործնականում կիրառեց իր գիտելիքները միջոցառումից առաջ, ընթացքում և հետո՝ մասնակցելով մամուլի հաղորդագրությունների կազմման, լրատվականների հետ հաղորդակցման և տեսանյութերի պատրաստման գործընթացներին։
«Որպես հաղորդակցության ապագա մասնագետ՝ մեծ ուշադրություն դարձրի նաև միջոցառման բովանդակային մասին, որտեղ մեծ ու կարևոր դերակատարում ունեին կոնֆերանսի թարգմանիչները։ Շատ կարևոր է ուղերձները ճիշտ տեղ հասցնելը․ չէ՞ որ ցանկացած միջոցառում համարվում է ստացված, եթե բովանդակությունը 100% ճշգրտությամբ հասանելի է դառնում հանդիսատեսին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Լրատվականների հետ աշխատանքների համակարգումը, հետադարձ կապը, ինչպես նաև տեսանյութերի պատրաստման գործընթացը, ուղերձների և վիզուալների ճիշտ համադրությունը կարևոր փորձառություն էին ինձ համար հետագայում իմ աշխատանքում կիրառելու տեսանկյունից»,- հավելեց Մոնիկան։
Սոցիալական ծրագրեր․ բիզնեսը՝ որպես սոցիալապես պատասխանատու ոլորտ
Պրակտիկայի շրջանակում Մոնիկան մասնակցեց սոցիալական երկու ծրագրերի ներկայացմանն ու քննարկմանը։
Դրանցից մեկը «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի համահիմնադիրներ Մայիս Մարգարյանի և Աիդա Ջանջուղազյանի ներկայացրած «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումի մասին ծրագիրն է, որը հավանության արժանացավ և ֆինանսավորվեց Արարատ բանկի կողմից։ Ֆորումի շրջանակում հարթակ տրամադրվեց այն երիտասարդներին, որոնք եկել էին ապացուցելու` հաջողությունները, փորձն ու գիտելիքը տարիքային սահմաններ չեն ճանաչում։
Այնուհետև Մոնկիան մասնակցել է Մատենադարանի ղեկավարության ներկայացրած երկու ծրագրի, համաձայն որոնց՝ ԱրարատԲանկը կարդիականացնի և կվերազինի Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան, կկազմակերպվի ու կանցկացվի Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» միջազգային ամենամյա 13-րդ սեմինարը։
Ներքին հաղորդակցություն․ ընկերության կենսունակության պահպանման կարևորագույն բաղադրիչ
Ներքին հաղորդակցությունը նույնչափ կարևոր է, որքան արտաքին հաղորդակցությունը։ Ուստի, Մոնիկան հաղորդակից դարձավ ոչ միայն ներքին հաղորդակցության կարևորությանն ու նրբություններին, այլև ԱրարատԲանկի մի քանի կին աշխատակիցների հետ միասին մասնակցեց մարտի 2-ին «4090 Բարեգործական» հիմնադրամի կազմակերպած «Կանայք հանուն կրթության» խորագրով հերթական նախաճաշին, որից ստացված ողջ հասույթն ուղղվեց 44-օրյա և 4-օրյա պատերազմի մասնակիցների կրթավճարին։
PR-ը՝ որպես վաճառքներին օժանդակող գործիք
Պրակտիկայի ընթացքում Մոնիկան մասնակցել է նաև «Լիզինգի վերագործարկված ծառայությունն ԱրարատԲանկում և «կանաչ» ռազմավարություն» թեմայով հարցազրույցին և ծանոթացել հարցազրույց վարելու նրբություններին, հարցուպատասխաններին, հետագայում այդ հարցազրույցի շուրջ աշխատելու և վերջնական տեսքի բերելու գործընթացին՝ համապատասխան վիզուալի համադրությամբ։
«Ճիշտ է, PR-ի առջև դրված չէ վաճառքներն ապահովելու և վերջինիս ծավալն ավելացնելու խնդիրը, սակայն ես հասկացա, որ դրանով կարող ենք օժանդակել նաև վաճառքներին՝ տարատեսակ միջոցառումների միջոցով բարձրացնելով իրազեկվածությունը հանրության շրջանում»,- եզրափակեց Մոնիկան։
ԱրարատԲանկում բարձր գնահատեցին ուսանողի մասնակցությունն ու պատրաստվածությունը և պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցությունը «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական կրթական ծրագրի հետ պրակտիկայի անցկացման շրջանակում։