ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ ս․թ․ հուլիսի 9-11-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում կկազմակերպվի «Հակամարտությունների փոխակերպում» խորագրով ամառային դպրոց։
Ամառային դպրոցի հիմնական նպատակը ուսանողներին կոնֆլիկտաբանության ոլորտի մասին համապարփակ պատկերացում տալն է։ Դասախոսությունների և աշխատարանների միջոցով ուսանողները կծանոթանան կոնֆլիկտների տեսություններին, վերլուծության գործիքներին, մոտեցումներին և մեթոդաբանությանը։
Ամառային դպրոցում ուսանողները կառաջարկեն վերլուծական հոդվածների թեմաներ։ Վերջիններս զարգացնելու և հրապարակելու գործում ուսանողները կստանան դպրոցի կազմակերպչական թիմի շարունակական աջակցությունը։ Ոլորտի առաջատար փորձագետների, ինչպես նաև հասարակական գործիչների և պաշտոնատար անձանց մատուցմամբ ամառային դպրոցի սաները հնարավորություն կստանան լսելու դասախոսություններ և մասնակցելու քննարկումների։ Այն ճանապարհ կհարթի միջազգային կրթական և հետազոտական այլ ծրագրերի մասնակցության համար ևս։
Ամառային դպրոցի ավարտին ուսանողները կմասնակցեն կլոր սեղան-քննարկման՝ նվիրված Հարավային Կովկասի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հնարավոր զարգացումներին։
Ավարտական վկայական կստանան դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցները։
Մասնակցության բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Ամառային դպրոցը բաց է ԵՊՀ հումանիտար ֆակուլտետների ուսանողների առջև։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հունիսի 20-ը։
Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/AanxS45289uHRWfc6։