ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դեկան Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների համար կազմակերպվեց «Տվյալների վիզուալիզացիա» խորագրով քառօրյա դասընթացը:
Դասընթացը վարում էր ԵՊՀ դասախոս, ոլորտում մեծ փորձ ունեցող, լրագրող Գարիկ Հարությունյանը:
Տնտեսագետները, ֆինանսիստները, կառավարման մասնագետները մշտապես աշխատում են տարաբնույթ և բազմածավալ տվյալների հետ, իսկ դրանք վիզուալիզացնելու, առավել մատչելի դարձնելու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ և հմտություններ, ինչին էլ միտված էր այս դասընթացը:
Դասընթացի շրջանակում ուսանողները ծանոթացան տվյալների վիզուալիզացման հիմունքներին, պատրաստեցին գրաֆիկներ և քարտեզներ «Flourish» և «Datawrapper» գործիքներով, ինչպես նաև ստացան մասնագիտական խորհուրդներ, թե ինչպես «(չ)խաբել» տվյալների վիզուալիզացիայով։
Գերհագեցած և շատ հետաքրքիր դասընթացի ավարտին ֆակուլտետի գրասենյակի ղեկավար Վարդան Ալեքսանյանը դասընթացավար Գարիկ Հարությունյանին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնություններին սատարելու համար շնորհեց շնորհակալագիր, իսկ ուսանողներին տրվեցին մասնակցության հավաստագրեր։