Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից 2023-2024 ուստարում կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում ստացած ԵՊՀ ուսանողները հանդիպել էին բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:
2023 թ. բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող ամենակարևոր նախագծերից էր համալսարանի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը, որի շրջանակում 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, իսկ ևս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։
Կրթաթոշակ ստացած 10 ուսանողից 5-ը և փոխհատուցում ստացած 5 ուսանողները ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից են: Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հանդիպմանը նշեց, որ նախաձեռնությունը շարունակական կլինի և հաջորդող տարիներին ևս Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ կտրամադրի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ բուհի համար կարևոր է Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը, ինչը խթանում է գործատուի և կրթության միջև կապը։
«Այսօր ուսանողների հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեցինք, որ այս կրթաթոշակը նաև պատասխանատվություն է, քանի որ նրանք պետք է կարողանան կրթության արդյունքները հետագայում ծառայեցնել իրենց կարիերայի առաջընթացին։ Եվ նման համագործակցությունները համալսարանի և գործատուի միջև ստեղծում են լայն հնարավորություններ բոլորի համար։ Կարծում եմ՝ մեր ուսանողները լավագույնս կօգտագործեն այս հնարավորությունը, և Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից տրամադրված կրթաթոշակները կծառայեն իրենց նպատակին»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հանդիպումից հետո ասաց, որ տպավորված է երիտասարդներով։
«Շատ ուրախ ենք համալսարանի հետ գործակցության համար, որը հնարավորություն տվեց հանդիպելու Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կրթաթոշակ ստացած ուսանողների հետ։ Տպավորված եմ հանդիպումով և հուսով եմ՝ կրթաթոշակը երիտասարդներին կօգնի հասնել իրենց նպատակներին։ Բիբլոս Բանկ Արմենիան շատ է կարևորում ակադեմիական կրթությունը, և կրթաթոշակային այս նախաձեռնությունը ևս մեր ուշադրության կենտրոնում է»,- ընդգծեց Հայկ Ստեփանյանը։
Կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում։