ԵՊՀ-ում «Մոլեկուլյար գենետիկական գործիքակազմի կիրառումը մակաբուծության մեջ» թեմայով դասախոսություն ներկայացրեց Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Յուլիա Վալոչնիկը: Նա ԵՊՀ այցելեց բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանն ուղղված գործընկերության ծրագրի (APPEAR) շրջանակում:
Հայկական երեք և ավստրիական երեք գիտակրթական հաստատությունների համատեղ «APPEAR» ծրագրի շրջանակում հայ և ավստրիացի հետազոտողներն ուսումնասիրում են կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանում գենետիկական կենսաանվտանգության կարողությունների հզորացման հիմնահարցերը: Ծրագիրը համակարգում է Կենդանաբանության ամբիոնի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Մարինե Առաքելյանը: Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են շնագայլերը՝ որպես տարատեսակ հիվանդությունների կրողներ և տարածողներ: Ըստ այդմ՝ գիտահետազոտական խումբը զբաղվում է շնագայլերի տարածած մակաբույծների և դրանց՝ մարդու առողջությանը վտանգ հասցնելու չափի ուսումնասիրությամբ:
Ծրագրի շրջանակում կազմակերպվում են դասախոսների հանդիպում-քննարկումներ, փոխայցելությունների և դասախոսությունների անցկացում: Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Յուլիա Վալոչնիկը, խոսելով ծրագրի և ԵՊՀ-ի հետ գործակցության մասին, նշեց, որ սա լավ հնարավորություն է երկուստեք գիտելիքներ փոխանակելու մեթոդաբանության, վայրի բնության իրավիճակի վերաբերյալ:
«Ինձ համար շատ կարևոր է Հայաստանում լինելն ու իրավիճակը տեսնելը, տեղի մասնագետների փորձն ուսումնասիրելը։ Ի վերջո, մենք ուսումնասիրում ենք վայրի բնության և մարդկանց կապը, ինչը խիստ կարևոր թեմա է»,- ընդգծեց Յուլիա Վալոչնիկը:
Ապագա պլանների մասին խոսելիս Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսորը նշեց, որ պատրաստվում են հաճախ այցելելու Հայաստան, կատարելու վայրի բնության դիտարկում և ուսումնասիրություն:
«Բացի դաշտային աշխատանքներից՝ ծրագրի շրջանակում ունենք նաև դասավանդման բաղադրիչ. նախատեսում ենք աջակցել մագիստրոսական նոր ծրագրի ստեղծմանը, որն արդեն նախագծման փուլում է»,- պատմեց պրոֆեսորը:
Կենսաբանության ֆակուլտետի երեք՝ Կենդանաբանության, Բուսաբանության և սնկաբանության, Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնների համատեղ ջանքերով նախատեսվում է մշակել մագիստրոսական նոր ծրագիր, որում ընդգրկված որոշ առարկաների նկարագրիչները կկազմվեն ավստրիական համալսարանների գործընկերների աջակցությամբ: Նոր ծրագրի նախագծմանը զուգահեռ՝ կատարվում է ուսումնական առկա գործընթացի բարելավում. Կենդանաբանության ամբիոնում գործող «Կենդանաբանություն և մակաբուծաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրում կատարվել են որոշ առարկաների նկարագրիչների և մեթոդաբանության փոփոխություններ:
«Աշխատելով ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ կունենանք նոր մեթոդներով և ձևաչափով դասավանդվող առարկաներ, որոնք համարում ենք կարևոր ձեռքբերում և թարմ շնչառություն»,- նշեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Աստղիկ Ղազարյանը:
«APPEAR» ծրագրի մյուս կարևոր բաղադրիչներից է ուսանողների՝ արտերկրում կրթություն ստանալու հնարավորությունը: ԵՊՀ շրջանավարտ Սեդա Ադամյանը ընդունվել է Վիեննայի բժշկական համալսարանի ասպիրանտուրան: Նա երեք տարի Վիեննայում ուսումը շարունակելուց հետո, ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի, պետք է վերադառնա Երևանի պետական համալսարան և նվազագույնը մեկ տարի աշխատի համալսարանում՝ ուսանողներին փոխանցելով յուրացրած նոր հմտությունները:
«APPEAR» ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել 10-օրյա տևողությամբ ամառային դպրոց՝ ընդգրկելով ուսանողներ Ավստրիայից և Հայաստանից: Դպրոցի շրջանակում կկատարվեն թե՛ դաշտային, թե՛ լաբորատոր հետազոտություններ։ Այն կեզրափակվի խմբային աշխատանքներով. ուսանողները կմշակեն և կթվայնացնեն դաշտային ուսումնասիրության արդյունքները: Դասընթացները կլինեն անգլերենով, որոնք կանցկացնեն ծրագրում ընդգրկված դասախոսներ Հայաստանից և Ավստրիայից:
Մանրամասները՝ տեսանյութում։