- Главная
- Group
- Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոն
Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոն
Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնը ձևավորվել է 2022 թ. երկրաֆիզիկայի և ջրաերկրաբանության ու ճարտարագիտական երկրաբանության ամբիոնների հիմքի վրա։
1966 թ. ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի կազմում բացվել է Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների ամբիոնը, որը տարբեր տարիների ղեկավարել են դոցենտ Հ. Վանցյանը, պրոֆեսորներ Հ. Ավչյանը և Ռ.Մինասյանը:
1934 թ. պրոֆեսոր Տ. Ջրբաշյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնը, որի կազմում 1952 թ. բացվել է «Ինժեներ-երկրաբան, ջրաերկրաբան» մասնագիտացումը: Տարբեր ժամանակներում ամբիոնը ղեկավարել են պրոֆեսոր Հ. Ստեփանյանը, ակադեմիկոս Ա. Ասլանյանը, պրոֆեսորներ Վ. Ավետիսյանը, Պ. Բոշնաղյանը, դոցենտներ Վ. Հասրաթյանը, Ա. Անանյանը, Հ. Գյոլեցյանը, Էդ. Բարսեղյանը:
1966-1976 թթ. Հ. Վանցյանը կատարել են Ալավերդու և Կապանի հանքային դաշտերի հեռանկարայնության գնահատման աշխատանքներ: ՀՀ տարածքի երկրակեղևի խորքային կառուցվածքի երկրաֆիզիկական մեթոդներով ուսումնասիրման, տեկտոնական գոտևորման, դրանց սահմանների հետամտման, խորքային խզումների քարտեզագրման հարցերով զբաղվել են ամբիոնի դոցենտներ Է. Հաջիմամուդովը և Լ. Թադևոսյանը, որոնք կազմել են ՀՀ տարածքի գրավիմետրական և երկրամագնիսական դաշտի քարտեզներ՝ Մ 1:500000 և Մ 1:200000:
Ամբիոնում դասավանդել են անվանի երկրաֆիզիկոսներ պրոֆեսոր Ս. Բալասանյանը, դոցենտ Դ. Խաչատրյանը: Երկրաշարժերի կանխագուշակման նպատակով ՀՀ ԱԷԿ-ի շրջակա տարածքում կազմակերպվել է գեոդինամիկ փորձադաշտ, որտեղ դոցենտներ Լ. Թադևոսյանը, Ա. Սարդարյանը հետևել են գրավիտացիոն դաշտի ոչ մակընթացային փոփոխությունների բնույթին: 1984-1993 թթ. պրոֆեսոր Հ. Ավչյանի և ե․գ․թ․, դոցենտ Մ. Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծվել է լեռնային ապարների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման պետրոֆիզիկայի լաբորատորիան, որտեղ սկսվել են ՀՀ տարածքի լեռնային ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրությունները:
2001 թվականից պրոֆեսոր Ռ. Մինասյանն ակտիվ աշխատանքներ է տարել ճարտարագիտական երկրաֆիզիկայի և ջրաերկրաֆիզիկայի ուղղությամբ: 2002-2011 թթ. տարբեր ժամանակահատվածներում պրոֆեսոր Մինասյանի ղեկավարած ամբիոնի գիտական խումբը մասնակցել է Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք ջրամբարների ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին:
Ամբիոնի անդամները մասնակցել են Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների հետախուզման, շահագործական պաշարների գնահատման և 1:500000 մասշտաբի շահագործական պաշարների ու հանքային ջրերի քարտեզների կազմման աշխատանքներին, ինչպես նաև կազմել են տարբեր նպատակների ջրաերկրաբանական քարտեզներ (պրոֆեսոր Վ. Ավետիսյան, դոցենտ Ժ. Աչոյան): Պրոֆեսորներ Վ. Ավետիսյանը և Պ. Բոշնաղյանը կատարել են ճարտարագիտաերկրաբանական հետախուզական և կառույցների նախագծերի հիմնավորման աշխատանքներ, որպես երկրաբան-փորձագետ մասնակցել են ՀՀ կարևորագույն օբյեկտների ճարտարագիտաերկրաբանական, ջրաերկրաբանական ուսումնասիրություններին: Ամբիոնը նշանակալի ներդրումներ ունի որոշ բնակավայրերի (Երևան (նաև Երևանի մետրոպոլիտեն), Գյումրի, Վարդենիս) ինժեներական պաշտպանության միջոցառումների մշակման աշխատանքներում, ինչպես նաև որոշակի ուսումնասիրություններ են կատարվել Հայաստանի տարածքի կավճի և պալեոգենի հասակի նստվածքների լիթոլոգիական կազմի որոշման ուղղությամբ (Վ. Հասրաթյան, Մ. Մովսիսյան):
Ամբիոնում աշխատում են հանրապետության ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, դասագրքերի, գիտական հոդվածների: Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի վարիչն է երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինե Մկրտչյանը։
Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնում գործող լաբորատորիաներում կատարվում են երկրաֆիզիկական, պետրոֆիզիկական, ճարտարագիտաերկրաբանական և ջրաերկրաբանական կիրառական հետազոտություններ, որոնց արդյունքներն օգտագործվել են ամբիոնի ասպիրանտների ու հայցորդների ատենախոսություններում:
Ամբիոնն իրականացնում է «Երկրաբանություն» բակալավրիատական և «Երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Контакты
Հեռ․՝ (+374 60) 710 432 (ներքին՝ 34-35)
Էլհասցե՝ tomgeomar@ysu.am
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Доцент
Доцент
Доцент
Старший лаборант
Старший лаборант
Старший лаборант