- Главная
- Group
- Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիան սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության մշակման, հետազոտական գործիքների ձևավորման և վավերականացման, դաշտային աշխատանքների կատարման, հետազոտությունների արդյունքների վերլուծության բնագավառում պետական ֆինանսավորմամբ գործող եզակի գիտահետազոտական կենտրոն է:
Լաբորատորիան զարգացնում է հիմնարար և կիրառական բնույթի հասարակագիտական հետազոտությունների կազմակերպման և կատարման ավանդույթները՝ նպաստելով հայաստանյան իրականության մեջ սոցիոլոգիական հետազոտությունների որակի, գիտակրթական և հետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիայի նպատակները և խնդիրները.
- մշակել կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների որակի գնահատման համակարգ,
- կազմակերպել և կատարել սոցիոլոգիական հետազոտություններ,
- մշակել սոցիոլոգիական հետազոտության պլանավորման, կատարման և տվյալների հետ աշխատանքի էթիկական ստանդարտներ,
- ստեղծել սոցիոլոգիական տեղեկատվական բազա՝ գիտական, կրթական, կառավարման, վարչական որոշումների կայացման բնագավառներում կիրառելու նպատակով,
- մշակել հետազոտության նորարարական մեթոդների (վիզուալ, նարատիվ, սեմիոտիկ) կիրառման գործիքակազմ:
Գործնական տեսանկյունից լաբորատորիան նպատակ ունի․
- իր ձեռքբերումների շրջանակում ըստ անհրաժեշտության տրամադրելու սոցիոլոգիական տեղեկատվություն և փորձագիտական խորհրդատվություն պետական ու ոչ պետական, տեղական ու միջազգային կազմակերպություններին, անհատներին ու սոցիալական խմբերին,
- ՀՀ-ում հետազոտական ներուժի զարգացմանն ուղղված գործունեության համատեքստում կազմակերպելու գիտական և կրթական միջոցառումներ (թրեյնինգներ, գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, աշխատաժողովներ)։
Լաբորատորիայի գործունեության ուղղություններն են․
- ակտուալ հիմնախնդիրների վերլուծության ունիվերսալ գործիքների մշակում և վավերականացում,
- հավանական և նպատակային ընտրանքի ռազմավարության մոդելների մշակում,
- ժամանակակից սոցիալական հիմնախնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն,
- հասարակական նշանակալի ծրագրերի որակի մշտադիտարկում և գնահատում,
- բարձրագույն կրթության որակի գնահատում և մշտադիտարկում, ԵՊՀ-ի նորարարական ծրագրերի արդյունավետության գնահատում, հայ սոցիոլոգիական ավանդույթների շրջանակում հետազոտական աշխատանքների համակարգում և աջակցություն,
- սոցիոլոգիայի ամբիոնի պրակտիկաների, մեթոդական սեմինարների, դասընթացների, ամառային դպրոցների կազմակերպում,
- դասավանդման նոր մեթոդների փորձարկում,
- հայ հասարակության արդի հիմնախնդիրների ուսումնասիրություն:
Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիան աջակցում է նաև երիտասարդ և կայացած հասարակագետների գիտական ներուժի և հմտությունների զարգացմանը, մեթոդաբանական աջակցություն է ցուցաբերում ֆակուլտետի դասախոսական անձնակազմին և ուսանողներին նրանց հետազոտական աշխատանքներում:
2006 թվականից ի վեր լաբորատորիան իրականացրել է մի շարք ծրագրեր:
Մասնավորապես՝ 2008 թ. «ԵՊՀ-ում բարձրագույն կրթության որակի մոնիթորինգ և գնահատում» ծրագրի շրջանակում իրականացվել է «Բարձրագույն կրթության որակի գնահատման համընդհանուր չափորոշիչների մշակում» նախագիծը՝ ուղղված կրթության գնահատման ինդիկատորների համակարգի ստեղծմանը լոկալ և միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա:
2009 թ. լաբորատորիան իրականացրել է «Բարձրագույն կրթության որակի գնահատման մեթոդաբանության գնահատում և փորձարկում» ծրագիրը, որի շրջանակում կատարվել է «Բարձրագույն կրթության մասնակցային գնահատում» սոցիոլոգիական հետազոտությունը:
«ԵՊՀ-ի նորարարական ծրագրերի արդյունավետության գնահատում» ծրագրի շրջանակում իրականացվել է ԵՊՀ հասարակագիտական ֆակուլտետներում մագիստրոսական համակարգի արդյունավետության գնահատում՝ ուղղված մագիստրոսական կրթական ծրագրի գործառնության արդյունավետության աստիճանի գնահատմանը և բարելավմանն ուղղված առաջարկների մշակմանը:
«ԵՊՀ ուսանողի իմիջի ուսումնասիրություն» հետազոտության շրջանակում լաբորատորիան իրականացրել է սոցիոլոգ ուսանողների կերպարի ուսումնասիրություն՝ նրանց ինքնընկալման առանձնահատկությունների և ուսման ընթացքում այդ առանձնահատկությունների փոփոխման դինամիկայի հետազոտման նպատակով: