- Главная
- Group
- Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիաների լաբորատորիա
Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիաների լաբորատորիա
Կենսաբանության ԳՀԻ սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան (ՍԿԿԼ) ստեղծվել է 2005 թ. ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում՝ 1993 թվականից գործող Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի գիտական խմբի (ՍԿԿԽ) վերանվանմամբ, ՆԱՏՕ-ի և ԴԱԱԴ-ի լաբորատոր սարքավորումների դրամաշնորհների շրջանակում:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է.
- մակրոմիցետների մոլեկուլային կարգաբանություն և ֆիլոգենիա,
- սնկերի գենետիկա,
- սնկերի կենսաբանություն,
- սնկերի կենսատեխնոլոգիա,
- սնկային կենսակտիվ միացություններ, ֆերմենտներ,
- միկոֆարմակոլոգիա, դեղասնկեր:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Բազիդիալ (Basidiomycota) և պայուսակավոր (Ascomycota) մակրոմիցետների բաժիններին պատկանող, մասնավորապես Հայաստանում տարածված ագարիկոմիցետային (Agaricomycetes) և պեզիզոմիցետային (Pezizomycetes) սնկերի տեսակների կամ առանձին կարգաբանական խմբերի ժամանակակից ֆիլոգենետիկական վերլուծություն, մոլեկուլային կարգաբանության հիման վրա նրանց միկոբիոտայի տաքսոնոմիական պատկանելության և նոմենկլատուրայի վերանայում՝ նոր տեսակների նկարագրման և սնկային ռեսուրսների ներուժի բացահայտման նպատակով:
- Ներտեսակային փոփոխականության, խաչասերման մեխանիզմների, վեգետատիվ և գենետիկական անհամապատասխանության, ինչպես նաև տեսակառաջացման երևույթների ուսումնասիրում, մասնավորապես ծառաբնակ մակրոմիցետների մոտ (Fomitopsis pinicola, Fomes fomentarius, Ganoderma, Trametes տեսակներ և այլն):
- Սնկային մաքուր կուլտուրաների մասնագիտացված հավաքածուների ստեղծում (ուտելի սնկեր, դեղասնկեր), մասնավորապես մակրոմիցետների միցելիումի կենսաբանական, ներառյալ մորֆոլոգիական և էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրում տարբեր սննդամիջավայրերի, ջերմաստիճանի և pH պայմաններում, նոր կարգաբանական նշանակության վեգետատիվ չափանիշների բացահայտում նրանց կենսատեխնոլոգիական աճեցման գործընթացում կիրառման նպատակով:
- Մակրոմիցետների դիկարիա (Dikarya) ենթաբաժնի առանձին կլադների (պոլիպորոիդային, կոպրինային, ակարիկոիդային և այլն) ու տեսակների կենսացիկլի, մասնավորապես անսեռ փուլի մորֆոլոգիական և գենետիկական առանձնահատկությունների ուսումնասիրում, դրանց կարգաբանական, կենսաբանական՝ հիմնարար ու կիրառական նշանակության գնահատում:
- Մակրոմիցետների, մասնավորապես ուտելի սնկերի և դեղասնկերի մասնագիտական հավաքածուների ստեղծում, պահպանում, նրանց կենսատեխնոլոգիական աճեցման նպաստավոր պայմանների ուսումնասիրում, առկա գենետիկական տեղեկատվության հիման վրա կենսատեխնոլոգիական ներուժի բացահայտում:
- Մակրոմիցետները, որպես կենսաակտիվ միացությունների (պոլիսախարիդներ, տերպենոիդներ, լիպիդներ, ստերոլներ, ֆենոլային միացություններ և այլն) և ֆերմենտների (արտաբջջային պրոտեազներ) բնական աղբյուր: Կարգաբանական տարբեր խմբերին պատկանող շտամների (տեսակ) պտղամարմինների և միցելիումի քիմիական կազմի (օրգանական թթուներ, ստերոլներ, լիպիդներ և այլն) ուսումնասիրում, դրանց կիրառական նշանակության գնահատում:
- Մակրոմիցետների, մասնավորապես Հայաստանում տարածված տեսակների դեղաբանական հատկությունների (հակաբակտերիալ, հակասնկային, հակաքաղցկեղային, հակաօքսիդանտային և այլն) ուսումնասիրում, նրանց ռեսուրսային և կենսաբժշկական ներուժի գնահատում նոր կենսատեխարտադրանքներ (դեղամիջոցներ, սննդային հավելումներ, կոսմետիկ միջոցներ և այլն) ստանալու նպատակով:
Համագործակցություն
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- 1993 թվականից՝ պրոֆ. Ս. Ռապիորի լաբորատորիա, Մոնպելիեի համալսարան, (Մոնպելիե, Ֆրանսիա),
- 2000 թվականից՝ պրոֆ. Ա. Զամբոնելիի լաբորատորիա, Բոլոնիայի համալսարան, (Բոլոնիա, Իտալիա),
- 2002 թվականից՝ պրոֆ. Ու. Կյուզի լաբորատորիա, Գյոթինգենի համալսարան (Գյոթինգեն, Գերմանիա),
- 2010 թվականից՝ պրոֆ. Ա. Շնիրևայի լաբորատորիա, Մոսկվայի պետական համալսարան (ՌԴ),
- 1998-2005 թթ՝ դր. Մուշակայի լաբորատորիա, Բնության պատմության ազգային թանգարան (Փարիզ, Ֆրանսիա),
- 2002-2019 թթ.՝ պրոֆ. Կ. Հյուզի լաբորատորիա, Թենեսիի համալսարան, բուսաբանության ամբիոն (Նոքսվիլ, ԱՄՆ),
- 2002 թվականից՝ պրոֆ. Օ. Իշիկումենի լաբորատորիա, Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսության և տեխնոլոգիայի պետական համալսարան (Գրինսբորո, ԱՄՆ),
- 2009-2020 թթ.՝ պրոֆ. Վ. Ստոչիի լաբորատորիա, Ուրբինոյի համալսարան (Ուրբինո, Իտալիա),
- 2015 թվականից՝ պրոֆ. Վ. Մուխինի լաբորատորիա, Ուրալի ֆեդերալ համալսարան (Եկատերինբուրգ, ՌԴ),
- 2018 թվականից՝ Ս. Նադեժդինի լաբորատորիա, Բելգորոդի պետական համալսարան (Բելգորոդ, ՌԴ),
- 2019 թվականից՝ պրոֆ. Մ. Իոտիի լաբորատորիա, Լ՛Աքվիլայի համալսարան (Լ՛Աքվիլայի, Իտալիա),
- այլ համալսարաններ ու գիտական կենտրոններ:
Աշխատակիցներ
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2018-2023)
- Badalyan S.M., 2018. Morphological characteristics of monokaryotic and dikaryotic collections of three medicinal Coprinellus species (Agaricomycetes). Int J Med Mushrooms, 20(7):665–676.
- Badalyan SM, Barkhudaryan A, Rapior S. 2019. Recent progress in research on the pharmacological potential of mushrooms and prospects for their clinical application. In: Medicinal Mushrooms - Recent Progress in Research and Development. Eds. D. Agrawal & M. Dhanаsekaran. Springer Nature Singapore, pp. 1-70.
- Badalyan SM, Zhuykova EV, Mukhin VA. 2022. The phylogenetic analysis of Armenian collections of medicinal tinder polypore Fomes fomentarius (Agaricomycetes, Polyporaceae). Italian J Mycology. 51:23-33.
- Badalyan SM, Zambonelli A. 2023. The Potential of Mushrooms to Develop Healthy Food and Biotech Products. In: Fungi and Fungal Products in Human Welfare and Biotechnology. Eds. T. Satyanarayana & Deshmukh SK, Springer Nature Singapore. pp. 307-344.
- Badalyan SM, Gharibyan N, Gianchino C, Iotti M, Zambonelli A. 2023. Morphological observation and biomass formation in different edible medicinal Morchella collections (Pezizomycetes, Ascomycota). Italian Journal of Mycology. 52:50-61.
Контакты
Լաբորատորիայի վարիչ՝
կ.գ.դ., պրոֆեսոր Սուսաննա Բադալյան
Հեռ.՝ 34-29 (ներքին)
Էլհասցե՝ s.badalyan@ysu.am