Ноября 29, 2023 | 13:30
Наука
Партнеры
Международное сотрудничество
Новые пути сотрудничества с Университетом Йонгнам в Южной Корее
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը հյուրընկալեց Հարավային Կորեայի Յոնգնամի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Յոնգ-Շիկ Կիմին, որը հանդես եկավ դասախոսությամբ՝ նվիրված վտանգված բույսերից մեկի` Կարմիր գրքում ընդգրկված սղոցի ցեղի չինական տեսակների տարածվածությանն ու պահպանմանը։
«Կարմիր գրքում ընդգրկված սղոցի ցեղի չինական տեսակների տարածվածությունն ու պահպանումը Չոլիպո դենդրարիումում և Կորեայում» թեմայով դասախոսության ժամանակ պրոֆեսորը հանգամանալից ներկայացրեց մասնագիտական տեղեկություններ։ Սղոցին (Ilex), որը նաև հայտնի է որպես փշարմավ կամ սրատերև անվանումներով, Արևելյան Ասիայի, այդ թվում՝ Չինաստանի և Կորեայի մշտադալար բույսերի տեղական ցեղերից է: Պրոֆեսորը նշեց, որ սղոցին կարելի է օգտագործել կանաչապատման մեջ՝ շնորհիվ դեկորատիվ և փայլուն տերևների, ինչպես նաև գրավիչ հատապտուղների, իսկ պտուղները (չնայած թունավոր են), տերևները, կեղևը տարբեր երկրներում օգտագործվում են ավանդական բժշկության մեջ։
Պրոֆեսոր Յոնգ-Շիկ Կիմը, անդրադառնալով իր այցի նպատակին, ընդգծեց, որ ակնկալում է գիտաուսումնական գործունեություն ծավալել ԵՊՀ-ի հետ, ինչը նաև հնարավորություն կընձեռի ԵՊՀ-ին ու Յոնգնամի համալսարանին ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու:
Կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն առաջին անգամ պրոֆեսորի հետ հանդիպել էին հինգ տարի առաջ: Այս տարի պրոֆեսոր Կիմը երկրորդ անգամ է հանդես գալիս ԵՊՀ-ում դասախոսությամբ:
Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Նարինե Զաքարյանը, անդրադառնալով Հարավային Կորեայի Յոնգնամի համալսարանի հետ համագործակցությանը, նշեց, որ մոտ ապագայում սպասվում է պրոֆեսորի երրորդ այցը ԵՊՀ, որի ժամանակ նախատեսվում է համագործակցությունն ամրագրել հուշագրով՝ դրույթներից մեկով հնարավոր դարձնելով ուսանողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստումները Յոնգնամի համալսարանում։
Պրոֆեսոր Յոնգ-Շիկ Կիմը նաև Հարավային Կորեայի՝ «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) տեսակների պահպանության խմբի նախագահն է։
Դասախոսությանը ներկա էին Կենսաբանության ֆակուլտետի ուսանողները, աշխատակիցներ և հրավիրյալներ։