Декабрь 05, 2023 | 16:05
Наука
Конференции
Международное сотрудничество
Фальсификация истории и реальности в сфере научных исследований: международная конференция в ЕГУ
ԵՊՀ-ում անցկացվեց «Պատմության կեղծարարություն և իրականություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված Պատմաբանի օրվան։ Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի պատմական իրողությունների կեղծարարությունը և լույս սփռել իրական փաստերի վրա:
Գիտաժողովի խորագրի ընտրությունը կապված է վերջին տարիներին մեր պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերների հետ: Քննարկվող թեմաներն ընդգրկուն էին և բազմաշերտ։ Զեկուցումները վերաբերում էին Արցախին, Արցախի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականության տարբեր շրջափուլերին՝ 19-րդ դարին, խորհրդային շրջանին, անկախության տարիներին, ինչպես նաև մշակութային ցեղասպանությանը վերաբերող հարցադրումներին։
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց գիտաժողովի նշանակությունը, պատմագիտությանը վերաբերող քննարկումներն ու խնդիրների վերհանումը․ «Կարծում եմ, որ Հայաստանում պետք է զարգացնել հումանիտար գիտական միտքը: Անհրաժեշտ է մեր պատմագիտական աշխատությունները թարգմանել, ներկայացնել արտերկրի մեր գործընկեր համալսարաններին և դրանք հասու դարձնել օտարերկրացի գիտնականներին»։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ, ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը նշեց, որ գիտաժողովը դարձավ քննարկումների, բանավեճերի, հստակեցումների, հետագա անելիքների նախանշման հարթակ։ Նա ընդգծեց, որ պատմագիտական, մշակութաբանական, ազգաբանական ուղղվածության զեկուցումների շնորհիվ և օրինակների, գործընթացների ու գործողությունների վերլուծությամբ ցանկացել են ցույց տալ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը․ «Հակահայ քաղաքականութան հիմնական բաղադրիչներից մեկը պատմության կեղծումն է, որը միտված է հայերի հանդեպ ատելության, թշնամանքի և վախի տարածմանը: Հետևելով հռետորաբանությանը՝ ականատես ենք լինում, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից «խաղաղության» հիմքում դրվող պահանջները հանգում են պատմությունից հրաժարվելուն»:
Մ. Գաբրիելյանը հավելեց, որ պատմական կեղծիքները ճշգրիտ իրողություններից զանազանելու համար տարբեր հարթակներում պետք է ակտիվացնել մեր պատմությանը, մշակույթին վերաբերող ճշգրիտ տեղեկատվության տարածման գործընթացը։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, կարևորելով ուսանողների, ասպիրանտների ներկայությունը գիտաժողովին փորձի ձեռք բերման տեսանկյունից, ընդգծեց քննարկվող թեմաների արդիականությունը։
Գիտաժողովին ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը, Հարավային դաշնային համալսարանի պատմության և միջազգային ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Մ. Պոնոմարյովան և այլք:
Գիտաժողովին ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը, Հարավային դաշնային համալսարանի պատմության և միջազգային ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Մ. Պոնոմարյովան և այլք:
Նշենք, որ երկօրյա միջազգային գիտաժողովին մասնակցեցին գիտական և փորձագիտական համայնքների ներկայացուցիչներ ԵՊՀ-ից, Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ից, ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներից, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից, «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամից, ինչպես նաև ՌԴ Հարավային դաշնային համալսարանից ու գիտակրթական այլ հաստատություններից։ Գիտաժողովն ընթացավ նաև առցանց ռեժիմով։
Հավելենք, որ ԵՊՀ-ում դեկտեմբերի 4-ը նշվում է որպես Պատմաբանի օր։ Օրվան նվիրված միջազգային գիտաժողովը ԵՊՀ-ում անցկացվեց երկրորդ անգամ։ Միջազգային առաջին գիտաժողովը կազմակերպվել էր նախորդ տարի։