Декабрь 15, 2023 | 16:25
Исследовательская работа
Международное сотрудничество
Мероприятия
В центре внимания армяно-китайские отношения: научный семинар-дискуссия в ЕГУ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Բացահայտելով Հեռավոր Արևելքը․ հայ-չինական հարաբերությունների արդի հեռանկարները» խորագրով գիտագործնական սեմինար-քննարկումը:
Միջոցառման ժամանակ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտները, մագիստրանտները և բակալավրիատի ուսանողները հանդես եկան զեկույցներով՝ անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին, Չինաստանի արտաքին քաղաքականությանը, մշակույթին, տնտեսությանը, Չինաստանում հայերենի ուսուցմանը և այլ թեմաների:
Բացի 8 զեկույցները ներկայացնելուց՝ անցկացվեցին նաև պանելային քննարկումներ և հարցուպատասխաններ, որոնց ակտիվ ներգրավված էին նաև նախապես գրանցված մոտ 50 ունկնդիրներ ոչ միայն Երևանի պետական համալսարանից, այլև ՀՀ ԳԱԱ-ից, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից և Հայ-ռուսական համալսարանից:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտագործնական սեմինար-քննարկման մասնակիցներին, նշեց. «Երևանի պետական համալսարանի առաջնահերթություններից են Չինաստանի հետ կրթագիտական և մշակութային համագործակցությունների ընդլայնումն ու ամրապնդումը, ինչին ուղղված է նաև այս միջոցառումը: Ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում Չինաստանի նկատմամբ հետաքրքությունն օր օրի աճում է, և այսօր շատ ուրախ եմ արձանագրելու, որ մեր ուսանողներն են ցանկություն հայտնել հանդիպելու ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ, ինչը չափազանց կարևոր է նրանց մասնագիտական աճի և գիտելիքների ամրապնդման համար»:
Անդրադառնալով Չինաստանի պատմության հաջողության ճանապարհին և հայ-չինական քաղաքակրթությունների դարավոր հարաբերություններին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանն ընդգծեց. «Ֆակուլտետը մեծ կարևորություն է տալիս չինագիտության զարգացմանը՝ կատարելով ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի առջև դրված հիմնական խնդիրներն ու գործառույթները: Հուսով ենք, որ չինագիտության խթանումը կնպաստի երկու ազգերի միջև գործակցային հարաբերությունների սերտացմանը»:
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը շեշտեց, որ Երևանի պետական համալսարանն իր ամենասիրելի բուհն է Հայաստանում, և մեծ սիրով է այստեղ հյուրընկալվում: Դեսպանն իր ելույթում անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին և դրանում Հայաստանի ներգրավվածությանը, գրանցած արդյունքներին և զարգացման հնարավորություններին:
«Լեզուն կամուրջ է տարբեր ազգերի հաղորդակցության համար: Ուրախ ենք նկատելու, որ չինարեն սովորելու ցանկությունն աճում է ՀՀ-ում, և երկու երկրների նախարարությունները, պրոֆեսորներն անում են առավելագույնը՝ կրթագիտական և մշակութային կապերի ամրապնդման համար»,- նշեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:
Անդրադառնալով գիտագործնական սեմինար-քննարկումի կազմակերպմանը՝ ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Սյուզաննա Նավասարդյանն ասաց. «Հաշվի առնելով ուսանողների աճող հետաքրքրությունը Չինաստանի, չինական մշակույթի, կրոնի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նկատմամբ՝ որոշեցինք առաջին անգամ կազմակերպել այսօրինակ գիտագործնական սեմինար-քննարկում, քանի որ նախորդ 8 տարիներին կազմակերպել ենք Չինաստանի մշակույթին և լեզվին առնչվող միջոցառումներ»:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ղազարյանը հանդես եկավ «Հարավային Կովկասի տրանսպորտային հաղորդակցությունների հիմնախնդիրը Իրանի և Չինաստանի արտաքին քաղաքականության համատեքստում» խորագրով զեկույցով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնախնդիրն այսօր ուղղակիորեն առնչվում է ՀՀ ազգային անվտանգությանը և սպառնալիք է ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար՝ ուսումնասիրությունս կատարեցի հենց այս թեմայով՝ ներկայացնելով իմ տեսակետներն ու վերլուծությունները»,- շեշտեց Հովհաննեսը:
Ֆակուլտետի «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Գագիկ Եկմալյանն իր՝ «Եվրասիան անցման մեջ. չինական գոտուց թուրքական թենիս» ուսումնասիրությունը համարում է նորույթ և հույս ունի այն ներկայացնելու նաև այլ հարթակներում և դարձնելու լուրջ գիտական հոդված:
«Ուսումնասիրությանս մեջ փորձել եմ վեր հանել մեր տարածաշրջանում Չինաստանի շահերը, Չինաստանի և Արևմուտքի հակադրությունների և համադրությունների շրջանակում Թուրքիայի վարած քաղաքականությունը՝ ներկայացնելով չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և թուրքական «Միջին միջանցք» նախագիծը»,- ասաց Գագիկը:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին նաև չինարենով, չինական մշակույթով, Չինաստանի արտաքին քաղաքականությամբ, ինչպես նաև հայ-չինական հարաբերություններով հետաքրքրվող համալսարանականներ, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ և այլ հյուրեր: