Декабрь 22, 2023 | 15:00
Наука
Образование
Конкурсы
Молодые ученые предлагают безопасную комбинацию для борьбы с раком
Քաղցկեղի աճող սպառնալիքը հանգեցնում է միացությունների նոր աղբյուրների որոնմանը և թիրախավորված դեղամիջոցների ստեղծմանը, որոնք կլինեն անվտանգ, արդյունավետ, մատչելի և նվազագույն կողմնակի ազդեցությամբ: «Համահայկական գիտաժողով-2023»-ի շրջանակում ԵՊՀ շրջանավարտ երիտասարդ գիտնականները ներկայացրել են հակաքաղցկեղային պայքարի համակցություն և հաղթող ճանաչվել:
Հաղթական քառյակի անդամներ Լուսինե Հարությունյանի, Սվետլանա Հովհաննիսյանի, Եվա Մելիքյանի և Ջեմմա Մանոյանի հետ մեր զրույցում ակնհայտ դարձավ, որ կենսաբանության, ֆիզիկայի և քիմիայի հանդեպ նրանց ունեցած սերը ոչ միայն նպաստել է մրցույթում նրանց հաջողությանը, այլև կանխորոշել հետագա համագործակցությունները:
Միջգիտակարգային մրցույթի և թիմի ձևավորման մասին պատմել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մագիստրոս, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Լուսինե Հարությունյանը:
«Համահայկական գիտաժողով-2023»-ի շրջանակում կազմակերպված մրցույթին իմ մասնակցությունն անսպասելի էր ու հանպատրաստից: ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի ղեկավարները հնարավորություն ունեին առաջադրելու նախագծերում ներառված երիտասարդ հետազոտողների, և ես նրանցից մեկն էի: Սկզբում չէի ցանկանում մասնակցել, որովհետև կարծում էի՝ ծանրաբեռնվածությունը շատ կլինի, պատկերացում չունեի՝ ինչպես կարող ենք միավորել գիտական տարբեր ուղղությունները, հատկապես՝ հումանիտար ոլորտը, և աշխատել տարբեր երիտասարդ գիտաշխատողների հետ:
Մրցույթի 12 թիմերը ձևավորվեցին պատահականության սկզբունքով՝ մի խմբում ներգրավելով գիտական տարբեր հետաքրքրություններ ունեցող մասնակիցների: Անորոշությունս, անհանգստություններս ու վախերս ցրվեցին, երբ իմացա, որ թիմակիցներս բնագիտական ոլորտով են զբաղվում, թեև նրանցից որևէ մեկի հետ չէի աշխատել. միայն Եվային էի ճանաչում ուսանողական տարիներից: Առաջին տպավորությունս շատ դրական էր, հասկացա, որ հաստատ կկարողանանք միասին հետաքրքիր նախագիծ ներկայացնել, որովհետև իրար բավականին հեշտ էինք հասկանում:
Նախագծի թեմայի ընտրության և դրա յուրօրինակության մասին խոսել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրոս, ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Սվետլանա Հովհաննիսյանը:
Առաջին հայացքից անհնար էր թվում բոլորիս գիտական հետաքրքրությունները համատեղելը, ուստի փորձում էինք մեր մասնագիտություններից դուրս թեմա ընտրել, սակայն մեր թիմի մենթոր Մուշեղ Ռաֆայելյանը խորհուրդ տվեց գտնել մեր գիտական ուսումնասիրությունների հատման կետը:
Իմ ուսումնասիրության տիրույթում են քաղցկեղային բջիջները, Եվան հետաքրքրված է 2D նյութերով, մասնավորապես գաֆեն օքսիդով (ԳՕ), Ջեմման՝ ջրիմուռներով, իսկ Լուսինեն՝ պորֆիրինով: Մի քանի օր տևած մասնագիտական գրականության ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ ջրիմուռներն ունեն հակաօքսիդանտային ազդեցություն, որը կարող է ազդել քաղցկեղի վրա, գրաֆեն օքսիդը կարող է կրիչ լինել, իսկ պորֆիրինը թթվածին կապելու ունակություն ունի: Համատեղելով այս տեղեկությունները՝ ներկայացրինք «Նանոկոմպոզիտները՝ որպես նոր սերնդի դեղամիջոցների կրիչներ» թեմայով նախագիծը, որով ակնկալում ենք ստանալ ԳՕՀԲ (գրաֆեն օքսիդ հեղուկ բյուրեղային փուլ)-պորֆիրինով և ԳՕՀԲ-միկրոջրիմուռով ֆունկցիոնալացված կայուն նանոկոմպոզիտներ, որոնք կարող են թիրախավորված ազդեցություն ունենալ քաղցկեղի բջիջների վրա առանց դեղաչափի կորստի և կողմնակի ազդեցության՝ ի տարբերություն այժմ կիրառվող քիմիական դեղամիջոցների, որոնք վնասում են առողջ բջիջների: Մեր վերջնական նպատակն է այս մոդելն առաջարկել այլ դեղերի արտադրության համար, քանի որ ներկայում կիրառվող դեղամիջոցները նույնպես ունեն կողմնակի ազդեցություններ։
Մրցույթի ընթացքը ներկայացրել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մագիստրոս, ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Եվա Մելիքյանը:
Մեկ շաբաթ տևած մրցույթի առաջին երկու օրերին ուսումնասիրել ենք մասնագիտական գրականությունը, այնուհետև աշխատել հիմնական նախագծի շուրջ: Բոլորս աշխատում ենք առանձին գիտական խմբերում, և յուրաքանչյուր գիտական խումբ ունի իր ուրույն աշխատելաոճը: Չորսիս համար նախագծի ընդհանուր, մեկ կուռ համակարգ ստանալը բարդ էր, սակայն դա էլ հաղթահարեցինք թիմային աշխատանքի շնորհիվ: Մրցույթի վերջին երկու օրերին նախապատրաստվել ենք բանավոր ելույթին՝ քննարկելով անգամ հանձնաժողովի անդամների հնարավոր հարցերը և դրանց պատասխանները:
Մրցակցությունը բավականին լուրջ էր. 12 թիմերի թեմաներն էլ արդի էին ու իրար չզիջող, սակայն մեր առավելությունն այն էր, որ մեր թեման իսկապես միջգիտակարգային էր՝ ներառելով ֆիզիկան, կենսաբանությունը ու քիմիան, ինչն էլ գնահատել է հանձնաժողովը: Ընդհանուր առմամբ՝ նախագիծն անցել է գնահատման երկու փուլ: Առաջին փուլում կարևորվել են նախագծի արդիականությունն ու նորույթը, իսկ երկրորդում՝ բանավոր ներկայացումը:
Այս մրցույթն իմ առաջին փորձն էր ու ապացույցն այն բանի, որ ինձ հետ աշխատող գիտնականներից շատ բան եմ սովորել՝ հաղթանակի միջոցով շնորհակալ լինելով ընձեռված այս հնարավորության համար:
Թիմի հաղթանակի գրավականի և ապագայի պլանների մասին պատմել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հայցորդ, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ Ջեմմա Մանոյանը:
Ի սկզբանե ես վստահ էի, որ մեր թիմն է հաղթելու, քանի որ միակ խումբն էինք, որի նախագիծն ամբողջությամբ համապատասխանում էր մրցույթի պահանջներին, և ունեինք անհրաժեշտ բոլոր ռեսուրսները մեր նախագիծն իրագործելու համար:
Գնահատող հանձնաժողովի կազմում էին նաև մեր դասախոսներից մի քանիսը: Մեր ելույթի ժամանակ նկատելով նրանց գոհունակ հայացքները՝ արդեն հասկանում էինք, որ հաջողել ենք:
Մեր հաջողության գրավականը մեր միասնականությունն էր, համախմբվածությունը, զիջողականությունը և գիտելիքների պաշարը: ԵՊՀ-ում սովորող ցանկացած ուսանող չի ստանում միայն մեկ ուղղությամբ կրթություն, այլ զարգանում է բազմակողմանիորեն՝ խորությամբ ուսումնասիրելով նաև հարակից գիտությունները: ԵՊՀ մեր դասախոսները ոչ միայն կրթում են մրցունակ մասնագետների, այլև ուսանողներիս համար ուղենշում են զարգացած մասնագետ դառնալու ճանապարհը:
Ծրագրում ենք հետազոտության արդյունքները տպագրել բարձր ազդեցության գործակցով միջազգային ամսագրերում, ներկայացնել միջազգային կոնֆերանսներում, ինչպես նաև միջգիտակարգային մրցույթների առկայության դեպքում կատարելագործել մեր նախագիծը և դիմել մեծ դրամաշնորհի՝ հետազոտությունը կյանքի կոչելու համար: