Декабрь 25, 2023 | 16:30
Наука
Образование
Возможности развиваться и достигать успехов в сфере науки и образования в ЕГУ
ԵՊՀ-ում «Տիեզերական ճառագայթների ֆիզիկա» դասավանդում է Ֆիզիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնի դասախոս Սուսաննա Գագինյանը։ Նա դասախոսելը համարում է ոչ միայն աշխատանք, այլ նաև նախասիրություն, սեր դեպի ֆիզիկան: Ունենալով հետազոտական և գիտական աշխատանքներ կատարելու փորձ՝ Ս․ Գագինյանը համագործակցում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) և Բռնոյի տեխնոլոգիական համալսարանի (Չեխիա) հետ:
Սուսաննա Գագինյանը կրթությունը ստացել, ապա սկսել է աշխատել ԵՊՀ-ում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2017 թվականին նա արժանացել է «Լավագույն ասպիրանտ» մրցանակին:
Իր հիմնական գործունեությունը համարելով գիտությամբ զբաղվելը՝ մեզ հետ զրույցում Սուսաննան պատմեց արձանագրած հաջողություններում ԵՊՀ դերի, ապագա ծրագրերի և բուհերի հետ համագործակցության հեռանկարների մասին:
«ԵՊՀ ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի անվան հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնում զբաղվում ենք միջուկային ռեակցիաների ուսումնասիրությամբ, որի շրջանակում համագործակցում ենք Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) հետ: Մեր փորձագիտական աշխատանքները կատարում ենք միջազգային համագործակցությամբ, որի շրջանակում էլ մասնակցել եմ միջազգային տարբեր գիտաժողովների և սեմինարների»,- ասաց Ս. Գագինյանը:
Անդրադառնալով համագործակցության շրջանակում կատարած աշխատանքներին՝ Ս. Գագինյանը նշեց, որ որոշ գիտափորձեր կատարում են արտերկրում, իսկ հաշվարկները, վերլուծությունները, հետազոտությունները, գիտական հոդվածների տպագրումը՝ Հայաստանում:
Ս. Գագինյանը փաստեց, որ օտարերկրյա համալսարանների հետ համագործակցությունը մեծ փորձառություն է, գիտելիքի աղբյուր՝ կարևորելով փորձի փոխանակումը և գիտելիքները նորարարական մեթոդներով ուսանողներին մատուցելու անհրաժեշտությունը:
«Համահայկական գիտաժողով-2023»-ի միջգիտակարգային մրցույթում այն թիմը, որտեղ աշխատել է Ս. Գագինյանը, զբաղեցրել է 2-րդ տեղը: Նրանք 1 շաբաթվա ընթացքում մշակել են «Ջրի մաքրումը վնասակար ծանր մետաղներից և մետաղանման տարրերից ածխածնային նանոկառուցվածքների և սպիտակուցային մեմբրանների կիրառմամբ» ծրագիրը՝ առաջարկելով կիրառական և նորարարական գաղափարներ: Սուսաննան շեշտեց, որ ծրագիրը նպաստել է համագործակցության ամրապնդմանը. «Առաջին անգամ անցկացվող մրցույթը հնարավորություն է ընձեռել հասարակագիտական և բնագիտական ոլորտների երիտասարդ մասնագետներիս համախմբվելու մեկ հարթակում ու ստեղծելու միջգիտակարգային նախագծեր: Մենք՝ տարբեր բնագավառում հմտացած մասնագետներս, կատարել ենք թիմային աշխատանք և մեր ջանքերը մեկտեղելով՝ կարողացել ենք հաջողություն գրանցել»:
Ս. Գագինյանը լավագույն ձեռքբերումներից է համարում իր այցը Լինդաու քաղաք (Գերմանիա), որտեղ մասնակցել է Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը: Այն երիտասարդ գիտնականներին հնարավորություն է տվել հանդիպելու ոլորտի հայտնի գիտնականների հետ, փորձ փոխանակելու, նոր գիտական կապեր ստեղծելու։
«Դա շատ կարևոր իրադարձություն էր, որն իմ կյանքը փոխեց 180 աստիճանով: Ես որոշեցի, որ պետք է գործունեությունս շարունակեմ և մնամ այս բնագավառում: Մենք լսել ենք ֆիզիկայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները, հարցեր ենք ուղղել նրանց»,-նշեց Ս․ Գագինյանը՝ հավելելով, որ նմանօրինակ հանդիպումները կատարելագործում են երիտասարդ գիտնականների, դասախոսների փորձը:
Կարևորելով բարձրորակ կրթությունը՝ Սուսաննան շեշտեց, որ ԵՊՀ ուսանողները համալսարանում ստացած որակյալ կրթության շնորհիվ հեշտությամբ են ինտեգրվում արտասահմանյան լավագույն բուհերում: ԵՊՀ-ն գիտակրթական ոլորտում զարգանալու և հաջողությունների հասնելու համար ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ, որոնց մասին անհրաժեշտ է բարձրաձայնել։
«Ներկայում մենք հնարավորություն ունենք ներգրավվելու տարբեր դրամաշնորհային ծրագրերում, ինչն էլ երիտասարդներին մոտիվացնում է՝ գիտության ոլորտում գործունեություն ծավալելու և կայանալու հարցում»,-ասաց Գագինյանը՝ նշելով, որ հենց ԵՊՀ-ի գիտական միջավայրն է իրեն մոտիվացրել ներգրավվելու բազմաթիվ ծրագրերում և գիտակրթական աշխատանքներում:
«Նպատակներիցս մեկն էլ կրթության և գիտության, ֆիզիկայի մասին խոսելու հարթակ ունենալն է, քանի որ ֆիզիկան իմ աչքերով կյանքն է և սերը…»,- հավելեց դասախոսը:
Նշենք, որ այժմ երիտասարդ դասախոսը սկսել է հանրայնացնել գիտությունը: Նա սոցիալական ցանցերում ստեղծում է այլընտրանքային բովանդակություն՝ իր լսարանին մատչելիորեն բացատրելով կատարած գիտափորձերն ու դրանց նշանակությունը: