- Главная
- Node
- ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Ноября 11, 2019 | 15:26
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովին մասնակցում էին տարբեր բուհերի ու ակադեմիական ինստիտուտների ներկայացուցիչներ, գիտնականներ Ռուսաստանից և Բելառուսից:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովն ու կենտրոնի ռուսաց լեզվի և կրթության վարչության պետի տեղակալ Աննա Մարգարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր:
Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Կարեն Թռչունյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «ԵՊՀ մի շարք գիտնականներ հանդես են եկել «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» գիտաժողովը կազմակերպելու նախաձեռնությամբ, որի անցկացմանն աջակցել են ԵՊՀ ղեկավարությունն ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում վերջիններիս»:
Կ. Թռչունյանը նշեց, որ միջոցառումը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100 ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի 10-ամյակներին:
ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ողջունելով հյուրերին և գիտաժողովի մասնակիցներին, ասաց, որ ԵՊՀ-ն աջակցում է նմանօրինակ գիտական միջոցառումների անցկացմանը, և շատ հաճելի է, որ այն նվիրված է ԵՊՀ 100-ամյակին, և արդյունավետ գիտական աշխատանք մաղթեց բոլորին:
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովը, իրենց կենտրոնի կողմից ողջունելով բոլորին, շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ այսօր առաջնային է այնպիսի հետազոտությունների անցկացումը, որոնք նպաստում են գիտական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը, և հույս հայտնեց, որ գիտաժողովն ավելի սերտ գիտական կապեր կստեղծի Հայաստանի ու Ռուսաստանի միջև:
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ռուսաց լեզվի և կրթության վարչության պետի տեղակալ Աննա Մարգարյանը գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին ներկայացրեց իրենց կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերը՝ նշելով, որ ամեն տարի ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ծրագրերի համար մոտ 200 անվճար տեղ է լինում, ինչը հնարավորություն է տալիս կրթությունը շարունակելու Ռուսաստանի հայտնի բուհերում. «Կարծում եմ՝ նմանօրինակ գիտաժողովները լավագույն հարթակ են ստեղծում տարբեր երկրների երիտասարդ գիտնականների շփման համար՝ նպաստելով գիտական նոր հետազոտությունների և նորարարությունների անցկացմանը: Գիտաժողովն առաջին անգամ է անցկացվում, սակայն հուսով եմ, որ այն ավանդական կդառնա»:
Ողջույնի խոսքերից հետո հայ, ռուս և բելառուս գիտնականները զեկուցումներ կարդացին «Բույսերի կենսաքիմիա», «Նյութափոխանակության կենսաքիմիա», «Ճառագայթային և տիեզերական կենսաբանություն», «Կիրառական մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» խորագրերով սեկցիաներում:
Հասմիկ Ասլանյան