- Главная
- Node
- «ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՈՏ ՓՈԽՎՈՒՄ Է ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՔԻՄԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ». «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
Ноября 21, 2019 | 15:44
Քաղաքականություն
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՈՏ ՓՈԽՎՈՒՄ Է ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՔԻՄԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ». «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտներն այսօր հյուրընկալվել են Քիմիայի ֆակուլտետում և ձեռք բերել տեսական նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից պարբերաբար կազմակերպվող նմանաբնույթ միջոցառումները նպատակ ունեն նպաստելու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնելու իրազեկության մակարդակը և ուղղորդելու դեպի ԵՊՀ:
Մեզ հետ զրույցում «Ֆոտոն» վարժարանի քիմիայի ուսուցչուհի Ռոզա Գրիգորյանը, որն արդեն տարիներ շարունակ ուղեկցում է աշակերտներին դեպի Քիմիայի ֆակուլտետ, ասաց, որ երկու կառույցների համագործակցության արդյունքում ապագա դիմորդներն ամեն անգամ նոր գիտելիքներով ու տպավորություններով են հեռանում համալսարանից:
«Ֆակուլտետում անցկացրած արդյունավետ օրվանից հետո աշակերտների մոտ փոխվում է վերաբերմունքը քիմիայի նկատմամբ: Նրանցից շատերը նման այցելություններից հետո որոշում են որպես մասնագիտություն ընտրել հենց քիմիան»,- ասաց Ռոզա Գրիգորյանը:
«Ֆոտոն» վարժարանի բնագիտական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները Քիմիայի ֆակուլտետում այսօր եղան Անօրգանական և անալիտիկ քիմիայի ու Օրգանական քիմիայի ամբիոնների ուսումնական լաբորատորիաներում, որտեղ նրանց համար ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն իրականացրին տարբեր փորձեր՝ պարզաբանելով և բացատրելով, թե ինչու և ինչպես են դրանք տեղի ունենում և թե ինչ հետևանքներ են ունենում:
Վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Հովակիմ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս այցերը շատ կարևոր նշանակություն ունեն, քանի որ ոչ բոլոր դպրոցներն ունեն համապատասխան լաբորատորիաներ և նյութեր՝ իրականացնելու քիմիական փորձեր:
«Բացի տեսական գիտելիքներից՝ շատ կարևոր են նաև գործնական հմտությունները: Ես, օրինակ, մասնակցել եմ քիմիայի հանրապետական օլիմպիադային, որտեղ պահանջվում էր փորձ իրականացնել, որն առանց գործնական փորձառության գրեթե անհնար է: ԵՊՀ-ում մենք շատ բան սովորեցինք»,- ասաց Հովակիմ Գաբրիելյանը:
Քնար Միսակյան