- Главная
- Node
- «ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՎԱԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ԷՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՍԱՐԳԻՍ ՔԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԱԲԻԳՈՆՅԱՆ
Декабрь 17, 2019 | 15:21
Հասարակություն
«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՎԱԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ԷՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՍԱՐԳԻՍ ՔԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԱԲԻԳՈՆՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանի և կնոջ՝ նույն ֆակուլտետի շրջանավարտ Նարինե Աբիգոնյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն:
«ԵՊՀ-ն մեր հանդիպման ճակատագրական վայրն էր, որտեղ առաջին քայլերը զուտ ընկերական էին»:
«Ես և Նարինեն սովորում էինք Երկրաբանության ամբիոնում՝ մեկ տարվա տարբերությամբ,- պատմում է Ս. Քելյանը և նշում,- ուսանողական տարիներին մտքովս անգամ չէր անցնում, որ բուհն ավարտելուն պես մեր ճանապարհները կարող են հատվել»:
Ճակատագրական հանդիպումը տեղի է ունենում տարիներ անց, երբ Սարգիս Քելյանը պատահմամբ հայտնվում է այն վայրում, որտեղ աշխատում էր Նարինեն:
«Միշտ պատկերացրել եմ, որ իմ երկրորդ կեսը պետք է լինի ուժեղ, գործունյա, նպատակասլաց. հետևելով Նարինեին՝ հասկացա, որ իմ այսքան փնտրտուքների արդյունքը նա պետք է լինի»,- ասում է Ս. Քելյանը:
Ահա այսպիսի «դիտավորությամբ» էլ Ս. Քելյանի այցելությունները Նարինեի աշխատավայր հաճախակի են դառնում:
«Մի օր Նարինեին հրավիրեցի սուրճ խմելու, ստացա դրական պատասխան, որն էլ դարձավ իմ հետագա քայլերի անցաքարտը»,- անկեղծանում է դեկանի տեղակալը:
Իսկ Նարինեն պարզաբանում է. «Թե ինչպես համաձայնեցի դուրս գալ զբոսնելու, ես էլ չհասկացա, ինձանից անկախ ստացվեց»:
«Առաջին անգամ արված խոստովանությունն ամուսնության առաջարկն էր»:
Ս. Քելյանն ասում է, որ սիրո խոստովանություններ հաճախ չի անում, իսկ առաջին խոստովանությունն այնքան յուրահատուկ է եղել, որ մշտապես մնալու է իրենց հիշողություններում:
«Իմ խոստովանությունները լինում են ոչ թե բառերով, այլ վերաբերմունքով և ուշադրությամբ: Մի օր առաջարկեցի քաղաքից դուրս գնալ, գնացինք Դիլիջան զբոսնելու, Հաղարծինի վանքում մոմ վառելիս գրպանիցս հանեցի մեր ամուսնության մատանիները և առաջարկություն արեցի: Նարինեն համաձայնեց. կարծում եմ՝ այդ օրը երբեք չենք մոռանա»,- պատմում է Ս. Քելյանը:
«Ինձ գրավեց Սարգիսի պարզությունը, ազնվությունն ու անկեղծությունը, շատ արագ սկսեցի վստահել նրան, ինչն էլ դարձավ իմ համաձայնության պատճառը»,- անկեղծանում է Նարինեն:
Ահա, հենց այսպես էլ սկիզբ դրվեց ընտանեկան մի գեղեցիկ պատմության:
«Մեր ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը միմյանց զիջելն ու մշտապես հասկանալն է»:
Զույգը նշում է, որ ցանկացած դժվարություն իրենք հաղթահարում են՝ միմյանց զիջելով և ընդհանուր հայտարարի գալով:
Նարինեի խոսքով, միասին շատ դժվարություններ են հաղթահարել, ինչն իրենց ավելի ամուր և անկոտրում է դարձրել:
«Երբ դու դժվարության ժամանակ քեզ սիրող մարդու կողքին ես լինում, հավատացեք, որ ավելի են ամրապնդվում և ուժեղ դառնում հարաբերությունները»,- խոստովանում է Նարինեն:
«Ամեն ինչ պլանավորում և ստեղծում ենք միասին, և այդ ամբողջ ընթացքում մեր նախասիրություններն ու կարծիքները համընկնում են, ուստի դժվարություններն էլ հաղթահարելի են դառնում»,- նշում են նրանք:
«Նարինեն պատրաստում է շատ համեղ, չնայած որ իմ սիրած ուտեստների տեսականին այդքան էլ մեծ չէ»:
Այսպես է մեկնաբանում Ս. Քելյանը և նշում, որ այդ առումով իր բախտը բերել է:
Կինն էլ ասում է. «Ուտելու առումով բավականին պահանջկոտ է, համեղ ուտելիքներ շատ է սիրում, ասում է՝ համեղ եմ պատրաստում, և սիրում է այն ամենը, ինչը պատրաստված է մսով»:
«Սիրելի են բոլոր այն վայրերը, որտեղով մենք քայլել, խոսել ու կիսվել ենք մեր ապրած հիշողություններով ու ապրելիք պահերով»:
Զույգը նշում է, որ սիրում է Երևանով զբոսնել, բայց հիմա այդ հնարավորությունը չունի, քանի որ իրենց փոքրիկ աղջնակը՝ Աննան, «թույլ չի տալիս»:
«Մենք երջանիկ ենք մեր ստեղծած ընտանիքով և մեր փոքրիկ դստերով՝ Աննայով, որն ամբողջական է դարձրել մեր ընտանեկան երջանկությունը»,- ամփոփեցին զրույցն ամուսինները:
Պատրաստեց Անգին Խաչատրյանը